Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հայտնում են, որ Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհին իրականացվող ձնահոսքի հետեւանքների վերացման աշխատանքները, եղանակային պայմաններից ելնելով, նախատեսվում է վերսկսել դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին Լարսի ճանապարհը փակվել է ձնահոսքի պատճառով: Դեկտեմբերի 4-ի ցերեկվա դրությամբ Լարսի անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ 120 մարդատար ավտոմեքենա, 13 միկրոավտոբուս, 5 ավտոբուս, 420 բեռնատար:
Անցակետի մոտակայքում տեղադրված են եւ գործում են երկու ժամանակավոր կացարաններ եւ 1 կունգ տիպի ավտոմեքենա:





























