ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պատմել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին Հալեպի հարցով իր առաջարկում խոսել է քաղաքից գրոհայինների դուրս գալու վերջնական ուղիների եւ ժամկետների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Ինչպես մենք հայտարարել էինք անցյալ շաբաթ, հիմա ԱՄՆ առաջարկով Ժնեւում սկսվում է արեւելյան Հալեպի հարցով ռուս եւ ամերիկացի փորձագետների աշխատանքը»,– ասել է Լավրովը։
Լավրովի խոսքով՝ այդ աշխատանքի նպատակը բոլոր գրոհայիններին քաղաքի արեւելյան մասից ամբողջովին դուրս հանելն է։ Նա նաեւ նշել է, որ Հալեպում հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի քաղաքից գրոհայիններին դուրս բերելուց անմիջապես հետո։
«Հենց որ այդ ուղիներն ու ժամկետները համաձայնեցվեն, ուժի մեջ կմտնի հրադադարի ռեժիմը այդ մարտական ջոտակտներին տարհանելու համար»,– ասել է ՌԴ արտգործնախարարը։
Նախարարի խոսքով՝ այն խմբավորումները, որոնք կհրաժարվեն լքել արեւելյան Հալեպը, ահաբեկիչներ կհամարվեն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լավրովը պատմել է Հալեպի մասին Քերիի բեկումնային առաջարկի մասին։





























