«Արսեն» ՍՊԸ-ն տարիներ շարունակ, առանց իրավական եւ քաղաքաշինական փաստաթղթերի ձեւակերպման սրահն օգտագործում ու խանգարում է բնակիչներին: Այս մասին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված նամակում նշել է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Դիմում-բողոք եմ ստացել Երեւանի Տիգրան Մեծ պողոտայի թ.76 շենքի համար 22 բնակարանի բնակիչ Մարիամ Սարգսյանից այն մասին, որ շենքի թիվ 43 տարածքի սեփականատեր «Արսեն» ՍՊ ընկերության կողմից, առանց իրավական եւ քաղաքաշինական փաստաթղթերի ձեւակերպման, հարկի բարձրության սահմաններում 52.1 քմ կիսահարկ ինքնակամ շինություն է կառուցել եւ տարածքը օգտագործում է՝ որպես սպորտ-առողջարարական պարապմունքների սրահ, որտեղից եկող աղմուկը խանգարում է քաղաքացու անդորրը:
Այսօր նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով պարզաբանել, թե նշված ինքնակամ շինությունը, առանց փաստաթղթերի ձեւակերպման, ծառայելով որպես սպորտ-առողջարարական պարապմունքների սրահ՝ արդյոք համապատասխանում է տվյալ շենքի, շինության նպատակային օգտագործմանը: Սեփականատերն ունի՞ արդյոք այդ սրահում սպորտ-առողջարարական պարապմունքներ անցկացնելու թույլտվություն:
Կից ներկայացրել եմ բնակչին ուղղված՝ ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի եւ Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի նամակների պատճենները»:





























