ՄԱԿ անվտանգության խորհուրդն ու կազմակերպության պետքարտուղար Բան Կի Մունը վրդովվել են Գամբիայի գործող նախագահ Յավա Ջամմեի վարքագծով, որը հրաժարվել է ընդունել իր պարտությունը ընտրություններում ու կոչ են արել նրան իշխանությունը փոխանցել Ադամ Բարոուին, որը պետք է պաշտոնը ստանձնի 2017-ի հունվարին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

ՄԱԿ ԱԽ անդամները իրենց հայտարարության մեջ պետության գործող ղեկավարին կոչ են արել հարգել Գամբիայի ինքնիշխան ժողովրդի ընտրությունը, որն արվել է 2016-ի դեկտեմբերի 1-ին, ու առանց որեւէ նախապայմանի իշխանությունը փոխանցել ընտրված նախագահին։

Դեկտեմբերի 1-ի ընտրություններին Ջամմեն, որը ղեկավարում է երկիրը 1994-ից, ստացել էր ընտրողների ձայների 36․7 տոկոսը՝ զիջելով ընդդիմադիր թեկնածու Ադամ Բարոուին, որը ստացել է ձայների 45․5 տոկոսը։ Դեկտեմբերի 3-ին Ջամմեն ընդունել է պարտությունը, սակայն մեկ շաբաթ հետո հայտնել է ընտրական հանձնաժողովի «անթույլատրելի սխալների» մասին ու կոչ արել նոր ընտրություններ անցկացնել։

Գամբիայի նոր ղեկավարին լիազորությունների փոխանցումը նշանակված է 2017-ի հունվարին։ Այն պետք է դառնար  առաջին ոչ բռնի իշխանափոխությունը արեւմտաաֆրիկյան երկրում 1965-ի անկախացումից հետո։ Առայսօր Գամբիայում իշխանությունը փոխվում էր միայն պետական հեղաշրջման ճանապարհով։