Նոբելյան մրցանակակիրներն ու նրանց մտերիմները, շվեդական թագավորական ընտանիքի ու կառավարության անդամները, նաեւ բ իզնես եւ մշակութային վերնախավի ներկայացուցիչները դեկտեմբերի 10-ին մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունից հետո մասնակցել են ավանդական ճաշկերույթի Ստոկհոլմի քաղաքապետարանի շենքում։ Այդ միջոցառումը նոբելյան հանդիսությունների գագաթնակետն է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ընդունելությանը պատրաստվել են գրեթե ինը ամիս, ճաշացանկը կազմվել է դեռ փետրվար- մարտ ամիսներին։ Ընդհուպ մինչեւ հավաքույթի սկիզբը ճաշացանկը հույժ գաղտնի է պահվում։ Այս տարվա ճաշացանկը, որը բոլոր ցանկացողները կարող են հաջորդ շավաթվանից պատվիրել քաղաքետարանի ռեստորանում, ներառում էր լանգուստ, նաեւ լոր՝ անտառային սնկերով։

Այս տարի երկրորդ անգամ հաջորդաբար հանդիսավոր ճաշկերույթի կերակրատեսակների համար պատասխանատու էր հանրահայտ շվեդ ռեստորատոր Սայան Իսակսոնը։ «Ինձ համար սնունդը ներդաշնակություն է, երաժշտություն։ Այս տարի ես արդեն ավելի քիչ էի նյարդայնանում, գիտեի, ինչ է ինձ սպասվում, ինչպես է պետք կերակրատեսակներ պատրաստել այսքան մեծաքանակ հյուրերի՝ 1300 մարդու համար»,- նկատել է նա։

Շվեդական լրատվամիջոցները միշտ ակտիվ քննարկում են հյուրերի տեղերը սեղանի շուրջ։ Դափնեկիրները, թագավորական ընտանիքի անդամները, Նոբելյան հանձնաժողովների անդամները ու 60 հանդիսավոր հյուրերը զբաղեցնում են Երկնագույն դահլիճի կենտրոնական սեղանը ։ Ամեն տարի ներկաներից մեկնումեկը անպայման դժգոհ է մնում իր տեղից՝ որպես կանոն բոլորն ուզում են հնարավորինս մոտ նստել միապետին։

Միապետի ընտանիքի ներկայացուցիչների, դափնեկիրների ու նրանց մտերիմների, Նոբելյան հանձնաժողովների անդամների, երկրի ղեկավարների ու խոշորագույն քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ միասին հանդիսությանը հրավիրված էին նաեւ շվեդական համալսարանների 200 ուսանողներ։

60 տոնական սեղաններին 7 հազար ափսե էր դրված, 5․4 հազար բաժակ ու 10 հազար ճաշասպասք։ Կերակրատեսակները չորս օր շարունակ պատրաստել են 40 խոհարարներ, իսկ մատուցել՝ 260 մատուցողներ։

Հետաքրքիր է, որ ամեն տարի բանկետից առաջ եւ հետո ստիպված են լինում գույքագրում կատարել՝ որոշ հյուրեր որպես հիշատակ իրենց հետ տուն են տանում արծաթե ճաշասպասքը՝ հատկապես աղանդերի պատառաքաղները։ Այս տարի կազմակերպիչների հաշվարկով 14 պատառաքաղ է անհետացել։