Մակեդոնիայի ներքին հեղափոխական կազմակերպություն-Մակեդոնիայի ազգային միասնության դեմոկրատական իշխող կուսակցությունը (ՄՆՀԿ-ՄԱՄԴԿ) հաղթել է խորհրդարանական արտահերթ ընտրություններում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Վլատկո Ջորչեւը՝ իրենց կողմնակիցներին կոչ անելով նշել հաղթանակը:
Պետական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ ՄՆՀԿ-ՄԱՄԴԿ-ն ստացել է ձայների 40,29 տոկոսը, իսկ նրա գլխավոր մրցակիցը՝ Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միությունը հետ է մնում 36,39 տոկոս ձայներով: Ձայների հաշվարկը շարունակվում է, բայց ՄՆՀԿ-ՄԱՄԴԿ-ի շտաբը արդեն հռչակել է իր «10-րդ հերթական հաղթանակը»:
Շարժման պաշտոնական ներկայացուցիչը իրենց կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Սկոպյեի կենտրոնում գտնվող կուսակցության գրասենյակի առջեւ հաղթանակը միասին նշելու համար:
Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միությունն, իր հերթին, հայտարարել է մայրաքաղաքային թիվ 1 ընտրատարածքում իր հաղթանակի մասին, որտեղ 41,5 տոկոս ձայն են ստացել ընդդեմ ՄՆՀԿ-ՄԱՄԴԿ-ի 36,5 տոկոս ձայների: Կուսակցության ղեկավարությունը պնդում է, որ հաղթել է երկրի խոշոր քաղաքներում:





























