Թաիլանդի թագավոր Ռամա X-ը, որը գահ է բարձրացել 2016 թվականի դեկտեմբերի 1-ին, բանտարկյալներին համաներում շնորհելու մասին իր առաջին հրամանագիրն է ստորագրել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Այն հրապարակվել է պաշտոնական Royal Gazette պարբերականում: Առաջին թագավորական համաներումը վերաբերել է մանր հանցագործությունների համար դատապարտված եւ քրոնիկ հիվանդություններով տառապող ու տարեց բանտարկյալներին:

Թագավորը համաներում է շնորհել նաեւ առաջին անգամ բանտարկված եւ բանտարկության առնվազն կեսն անցկացրած կանանց, նվազագույնը 5 տարի բանտարկված 60 տարեկանն անց անձանց, դատարանի սահմանած ազատազրկման ժամկետի առնվազն կեսն անցկացրած 20 տարեկանից երիտասարդ անձանց:

Միաժամանակ, թագավորական հրամանագրով մահվան դատապարտվածների դատավճիռը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: