Աշխարհում ամենաբարձր ինֆլյացիայի եւ խոր տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Վենեսուելայի իշխանությունները մտադիր են շրջանառությունից հանել երկրում ամենախոշոր արժեքով թղթադրամը, որի արժեքը սեւ շուկայում հավասար է ամերիկյան 2 ցենտի: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Դա տեղի կունենա անվանական ավելի մեծ արժեքով թղթադրամների ներդրումից առաջ, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն: Նշվում է, որ այս անսպասելի միջոցառումը Վենեսուելայում կանխիկ գումարի ճգնաժամն էլ ավելի կխորացնի:
Մադուրոյի խոսքով՝ 100 բոլիվար անվանական արժեքով թղթադրամները շրջանառությունից կսկսեն հանել չորեքշաբթի, եւ քաղաքացիները 10 օր ժամանակ ունեն, այն կենտրոնական բանկում փոխանակելու համար:
Փորձագետների Մադուրոյի այս քայլը քննադատել են, որն իր որոշումը պատճառաբանել է Կոլումբիայի եւ Վենեսուելայի սահմանին թղթադրամների մաքսանենգության դեմ պայքարելու անհրաժեշտությամբ: Քննադատները նման որոշումը տնտեսապես անիմաստ են համարել, քանի որ Մադուրոյի սահմանած ժամկետում անհնար է բոլոր թղթադրամները փոխանակել:
Երկրի իշխանությունները մտադիր են արդեն դեկտեմբերի 15-ից սկսել 6 նոր թղթադրամների եւ 3 մետաղադրամների թողարկումը, որոնցից ամենախոշորը կլինի 20 հազար բոլիվար, ինչը սեւ շուկայում 5 դոլարից պակաս է գնահատվում:
Վենեսուելայում ինֆլյացիայի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան, սակայն տնտեսագետները կարծում են որ ցուցանիշը եռանիշ է: Տնտեսական քոնսալթինգային Ecoanalitica ընկերության գնահատականներով՝ երկրի տարեկան ինֆլյացիան մեկ տարվա տվյալներով կազմում է ավելի քան 500 տոկոս: Անցած ամիս նավթ արդյունահանող երկրի արժույթը դոլարի նկատմամբ 55 տոկոսով արժեզրկվել է:
Մադուրոն նախկինում հայտարարել է, որ հանցավոր խմբավորումները Կոլումբիայի եւ Վենեսուելայի սահմանին գնում են վենեսուելական կանխիկ գումար, որպեսզի հետո Վենեսուելայում սուբսիդիայով վաճառվող ապրանքներ գնեն եւ այն վաճառեն Կոլումբիայում՝ հսկայական շահույթ ստանալով: Չնայած սահմանին այսպիսի մաքսանենգությունը խնդիր է, Մադուրոն չի կարող բացատրել երկրում հիմնական մթերքների եւ ապրանքների պակասը, ինչի հետեւանքով միլիոնավոր մարդիկ քաղցի են մատնված, դեղերի պակասը, որի մասին բարձրաձայնում են բժիշկները եւ օգնության կոչ անում: Դրա փոխարեն, երկրի նախագահը կենտրոնացել է մաֆիայի դեմ պայքարի վրա:





























