Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Ալեքսանդրիայի Պապ եւ Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ին` Կահիրեի (Եգիպտոս) Ս. Պետրոս եւ Ս. Պողոս եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության առիթով, որին զոհ են դարձել բազմաթիվ անմեղ մարդիկ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգեւոր խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության եւ Հայոց Եկեղեցու հոտի անունից խորին վշտակցություն է հայտնել Նորին Սրբությանը եւ Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հավատացյալներին:
«Մենք խստագույնս դատապարտում ենք ահաբեկչական գործողությունները քրիստոնեական եկեղեցիներում եւ կոչ ուղղում բարի կամքի տեր բոլոր մարդկանց անհրաժեշտ միջոցները ձեռնարկել կանխարգելելու մարդկության դեմ գործվող նման հանցագործություններն ու ոճիրները», - ասվում է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:
Աղոթելով սպանվածների հոգիների հանգստության համար` Նորին Սրբությունն իր հոգեւոր եղբորը եւ ղպտի ժողովրդին ցանկացել է Սուրբ Հոգու մխիթարություն եւ շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հավատացյալներին մաղթել է խաղաղություն եւ անվրդով կյանք` առանց նման հանցագործությունների եւ սարսափելի ահաբեկչական դրսեւորումների:





























