Հոկտեմբերի դրությամբ կոմերցիոն բանկերում բնակչության ավանդների գումարը հինգ տարում ավելացել է ավելի քան 649 մլրդ դրամով, կամ գրեթե 2․5 անգամ։Անցած տարին նշանավորվեց նրանով, որ կազմակերպված խնայողությունների գումարն առաջին անգամ գերազանցեց 1 տրիլիոն դրամը։

Այս տարվա հոկտեմբերին բանկերում բնակչության ավանդները հասել են 1093 մլրդ դրամի։ Համեմատության համար ասենք, որ հանրապետության մանրածախ ապրանքաշրջանառության ծավալն անցած տարի կազմել է 1352 մլրդ դրամ։ Ընդ որում, դատելով վերջին երկու տարիների միտումներից, այս տարի ապրանքաշրջանառության ծավալը չի հասնի նույնիսկ այդ մակարդակին։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

Հունվար- հոկտեմբեր ամիսներին մանրածախ ապրանքաշրջանառության ծավալը ընթացիկ գներով զգալիորեն կրճատվել է ՝ 9 տոկոսով։ Առաջանում է տրամաբանական հարց՝ բնակչության ավանդների աճի ֆոնին ապրանքների գնման համար այդ նույն բնակչության ծախսերը ինչո՞ւ են կրճատվում։ Չէ՞ որ ապրանքների դեֆիցիտ վաղուց արդեն չկա։ Պատճառները, ամենայն հավանականությամբ, պետք է փնտրել գումարային եկամուտների առումով մեր հասարակության բեւեռականացման ուժեղացման մեջ։

Հոկտեմբերին օտարերկրյա արժույթով բնակչության գրեթե 189․2 հազար ժամկետային ավանդ կար։ Ըստ հաշվարկների, այդ խնայողությունների ընդհանուր գումարը հասել է գրեթե 1․4 մլրդ դոլարի ( թիվը պայմանական է, այնպես որ ավանդները ընդունվում են եւ եվրոյով, իսկ առանձին բանկերում՝ նույնիսկ ռուսական ռուբլով)։ Ստացվում է, որ մեր տնային տնտեսությունների գրեթե մեկ քառորդը ունի օտարերկրյա արժույթով կազմակերպված խնայողություննե՞ր։ Իրականում իհարկե պատկերը բոլորովին այլ է, ինչը մասամբ պայմանավորված է ավանդների երաշխիքների մեծացումով։

Նախ նշենք, որ արտարժույթով միջին ավանդը գերազանցում է 7․3 հազար դոլարը։ Այսինքն համարժեքով 3․5 մլն դրամից էլ քիչ։ Առավելագույն երաշխիքը կազմում է 5 մլն դրամ, նույնպես համարժեքով։ Հասկանալի է, որ խոշոր դոլարային կապիտալների սեփականատերերը կգերադասեն չգերազանցել այդ լիմիտը։ Այս «խնդրի» լուծումը պարզ է ՝ պետք է խնայողությունները տեղադրել մաս-մաս, տարբեր բանկերում։ Հետեւաբար արտարժույթով ավանդներ ունեցող տնային տնտեսությունների քանակը կարող է վերոնշյալից նկատելիորեն քիչ լինել։

ԿԲ-ի վաղուց արված հետազոտության համաձայն՝ երկրում ընտանիքների ավելի քան մեկ երրորդը գումարային օգնություն է ստանում արտասահմանից ու դրա զգալի մասը ծախսում ընթացիկ կարիքների համար։ Հետեւաբար՝ տրանսֆերտներում գրանցված անկումը հանգեցրել է մեր բնակչության այդ կոնտինգենտի սպառողական ծախսերի կրճատմանը։

Ապրանքների, հատկապես պարենամթերքի սպառման մակարդակն ունի իր օբյեկտիվ սահմանները։ Եկամուտների աճը «հարուստ» ընտանիքների մոտ, որոնք արդեն ապրանքների սպառման բարձր մակարդակի են հասել, հանգեցնում է խնայողությունների ավելացմանը։ Արդյունքում, սպառողական ծախսերի գծով, տրանսֆերտներ ստացողների մոտ անկումը գերազանցել է որոշակի աճը մեր հասարակության մեկ այլ՝ ավելի փոքր բեւեռի մոտ։

Սմբատ Գրիգորյան