Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի եւ Բելգիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ:
Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Գագիկ Ղալաչյանը, բելգիական կողմից` ԱԳՆ Արեւելյան ու Հարավ-արեւելյան Եվրոպայի եւ Միջին Ասիայի բաժանմունքի տնօրեն Յոհան Ինդեկյոն:
Հայ եւ բելգիացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, կարեւորվեց հայ-բելգիական քաղաքական երկխոսության ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվեցին առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկկողմ փոխգործակցությանը:
Նույն օրը բելգիական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերին։ ԱԳ նախարարի տեղակալ Քոչարյանը զրուցակիցներին ներկայացրեց Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ագրեսիայի հետեւանքներն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները։





























