Exxon Mobil կոնցեռնը, որի գործադիր տնօրենն է Ռեքս Թիլերսոնը, ում Դոնալդ Թրամփը նշանակել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, Ադրբեջանում լուրջ բիզնես շահեր ունի: Exxon Mobil-ի ներկայացուցչությունը Ադրբեջանում է գործում 1995 թվականից: Ադրբեջանում ExxonMobil-ը տնօրինում է «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» նավթահանքի բլոկի մշակման ծրագրի 8 տոկոս բաժնեմասը:
Ընթացիկ տարվա հուլիսին Reuters-ը հայտնել էր, որ ամերիկյան նավթային հսկա Exxon Mobil-ը եւ բրիտանական BP-ն համաձայնության չեն գալիս Ադրբեջանում հանքավայրերի շահագործման խոշոր գործարքի շուրջ՝ արգելափակելով, այսպես կոչված, «դարի պայմանագրի» երկարաձգումը:
«Ազերի-Չիրագ-Գյունեշլի» (ԱՉԳ) բլոկը շահագործող BP-ն Կասպից ծովում, որին է բաժին ընկնում նրա համաշխարհային արդյունահանման 10-րդ մասը, Ադրբեջանի կառավարության հետ նախապես համաձայնեցրել էր 30-ամյա պայմանագրի երկարաձգման պայմանները, հայտնել են աղբյուրները:
Սակայն Exxon-ը, որի ածխաջրածնային արդյունահանման մոտ 1 տոկոսը բաժին է ընկնում ԱՉԳ կոնսորցիումին, 2014-ին նավթի համաշխարհային գների գրեթե կրկնակի անկումից հետո գործարքի ավելի լավ պայմանների հույս ունի:
Արդյունքում՝ նախագծի շուրջ բանակցությունները, որը թույլ կտար ընթացիկ գներով եւս 100 մլրդ դոլարի նավթ արդյունահանել, փակուղի են մտել՝ սաստկացնելով Exxon-ի ղեկավար Ռեքս Թիլերսոնի եւ BP-ի նրա գործընկեր Բոբ Դադլի միջեւ գոյություն ունեցող լարվածությունը, հայտնել են աղբյուրները:
Մինչեւ գործող համաձայնագրի ժամկետի լրանալը 8 տարի է մնացել: Սակայն հանքավայրերի համատեղ մշակման վերաբերյալ համանման երկարաժամկետ գործարքների դեպքում ոլորտում ընդունված է բանակցությունները որքան հնարավոր է շուտ սկսել, ցանկալի է մոտ 10 տարի վաղ՝ նոր խոշոր ներդրումները պլանավորելու համար: Կոնսորցիումում գործընկերները արդեն նախագծի մեջ են ներդրել 32 մլրդ դոլար:
Խաղասեղանին է դրված Ադրբեջանի ընդհանուր նավթարդյունահանման երեք չորրորդ մասը կամ օրական մոտ 600 հազար բարել՝ համաշխարհային արտադրության 0,7 տոկոսը: Հանքավայրերի մշակումն իրականացվում է կոնսորցիումի անդամների եւ Ադրբեջանի կառավարության միջեւ համաձայնագրի շրջանակներում:
Նախագծում BP-ի բաժինը 35,8 տոկոս է կազմում, մինչդեռ Exxon-ինը՝ միայն 8 տոկոս: Կոնսորցիումի մյուս անդամների թվում են Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերությունը եւ ամերիկյան հսկա Chevron-ը, որոնցից յուրաքանչյուրի բաժնեմասը 11 տոկոս է, նույնքան է տնօրինում նաեւ ճապոնական Inpex-ը: Նորվեգական Statoil-ին հասել է 8,6 տոկոս, թուրքական TPAO-ն, ճապոնական Itochu-ն եւ հնդկական ONGC-ն ավելի փոքր բաժնեմասեր ունեն:
Հանքավայրերը բարձրակետին պետք է օրական արտադրեին 1 մլն բարելից ավելի, սակայն 2010 թվականին օրական 820 հազար բարելին հասնելուց հետո արդյունահանումն անկում է գրանցել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը BP-ին մեղադրել է «սուտ խոստումներ» տալու մեջ:
Ադրբեջանը նույնիսկ խոսում էր 2024 թվականին պայմանագրի ժամկետի ավարտից հետո հանքավայրերն ինքնուրույն մշակելու հնարավորության մասին:
Սակայն BP-ին հաջողվել է հարթել տարաձայնությունները եւ բանակցություններ սկսել մինչեւ 2040 թվականը պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հնարավոր է նաեւ՝ մինչեւ 2060 թվականը՝ բարելի դիմաց ընթացիկ 50 դոլար գնով 100 մլրդ դոլար արժեքով մինչեւ 2 մլրդ բարել նավթ արդյունահանելու նպատակով:




























