Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով  Յուրի Հակոբյանին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքում դրված են անթույլատրելի ապացույցներ: Այս ամսին այսօր` դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էՅուրի Հակոբյանի շահերի պաշտպան Արմեն Նադիրյանը: Նրա խոսքով, ձեռք բերված ապացույցները փաստում են, որ իր պաշտպանյալի մեղադրանքն ապացուցող օրինական հիմքեր չկան: Պաշտպանը նշեց, որ Յուրի Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմք է եղել Եղիշե Խաչատրյանի մոր կողմից Յուրիին ճանաչելը. «Նա նշել է, որ Յուրիին նմանեցնում է  այն երեք երիտասարդներից մեկին, որոնք ծեծի են ենթարկել իր որդուն, սակայն, ասել է, որ վստահ չէ: Այնուհետեւ հաջորդ ցուցմունքում նշել է, որ վստահ է, որ Յուրին է եղել»:

«Յուրի Հակոբյանն արդեն չի դիմանում, վեց ամիս սպասում էր, որ իրականությունը կպարզվի, ազատության մեջ կհայտնվի:: Այս տղայի պլանավորված ամուսնությունը խափանվեց, դասերի չի գնում` ինստիտուտից են դուրս թողնում: Այսինքն` ճակատագիր է խեղվում: Մենք դեմ չենք` թող գործը մտնի դատարան եւ դատարանը որոշի` մեղավոր է, թե ոչ»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով` Յուրի Հակոբյանը հստակ նշել է իր այլուրեքությունը (ալիբի), ասել է` որտեղ է գտնվել, ում հետ եւ ինչ է արել. «Վարույթն իրականացնող մարմինը մի քանի օրվա ընթացքում պետք է բոլոր մատնանշված մարդկանց հարցաքններ, պարզեր իրականությունը, սակայն, դրա փոխարեն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը»:

Փաստաբանն անդրադարձավ նաեւ ՔԿՀ-ում թմրանյութ իրացնելու դեպքով հարուցված քրեական գործին, նշելով, որ իր պաշտպանյալը երբեւէ թմրանյութ չի օգտագործել. «Յուրի Հակոբյանի մազի փորձանմուշի հետ կապված փորձագետը նշել է` կա որոշակի չափով թմրանյութի օգտագործման առկայություն, որն ունի մի քանի ամսվա վաղեմություն: Փորձագետը նշում չի արել, թե երբ է հետազոտել փորձաքննության ներկայացված մազի նմուշը, հստակ ժամկետներ չկան: Յուրին ասել է` համամիտ չէ, որովհետեւ ինքը երբեւիցե չի օգտագործել թմրանյութ: Քրեական գործի նյութերով թմրանյութի իրացման փաստով քրեական գործ է հարուցվել եւ առանձացվել առանձին վարույթով»:

Յուրի Հակոբյանի մայրը` Նարինե Գեւորգյանն էլ նշեց, որ իր որդին հայտնվել է անմեղ մեղավորի կարգավիճակում. «Ես ունեմ միայն այդ որդին, նա իմ աշխարհն է, առանց որի իմ կյանքը գոյություն ունենալ չի կարող: Նրա ճակատագիրը խեղեցին տատիկի անհիմն ցուցմունքով: Ես դիմել եմ երկրի նախագահին եւ պահանջել, որպեսզի քրեական գործի ընթացքը հսկվի, իմ որդին անմեղ է: Ես նիստից առաջ իմ տղային տեսել եմ, 23-ամյա տղաս վեց ամսվա ընթացքում անազատության մեջ հասուն տղամարդ էր դարձել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:

Նույն գործով կալանավորված են Երեւանի Էրեբունի փողոցի բնակիչներ 26-ամյա Խաչիկ Կոսյանը, 26-ամյա Արարատ Նիկողոսյանը եւ Յուրի  Հակոբյանը: