2017թ. ապրիլի ընտրություններից առաջ անհրաժեշտ է հրատապ դաշինք ստեղծել՝ մեծամասնություն ստանալու ճանապարհով՝ ժողովրդին երկրի տերը դարձնելու համար։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին՝ լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

Անդրադառնալով այլ քաղաքական ուժերի հետ միավորվելով՝ ընտրության գնալու հավանականությանը՝ Հայրիկյանն ասաց, որ ԱԻՄ-ը արել է այդ առաջարկը, բայց ոչ մի քաղաքական ուժ չի արձագանքել։

«Շատ մեծ անշնորհքություն է մեկ միավոր ունեցող քաղաքական կազմակերպության ուղերձին չարձագանքելը, որովհետև հայ քաղաքական կյանքում, բոլորն էլ գիտեն, որ եթե մի կազմակերպություն կարողացել է ներդրում ունենալ մեր ժողովրդի ճակատագրում վերջին հարյուրամյակում, ոչ թե վերջին 20-30 տարում, ԱԻՄ-ն է։ Եվ եթե ԱԻՄ-ը իր բարձունքից իջնում է, ասում է ես՝ անկախության հանրաքվե ծրագրած և իրականացմանը էականորեն մասնակցած կազմակերպությունս, ասում եմ՝ եկեք միասին աշխատենք, ու եթե իրենք չեն արձագանքում, դուք կարող եք ասել, թե դրանք ինչի են արժանի»,- ասաց Պարույր Հայրիկյանը։

Ըստ նրա՝ այն քաղաքական ուժերը, այդ թվում՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միությունը, որոնք անտեսել են ԱԻՄ առաջարկը և իրենք են միավորվելու կոչեր անում, այլ նպատակներ ունեն։

«Կամ ԿԳԲ-ական են, կամ Հանրապետականի մարդիկ են, կամ էլ հետին մտքեր ունեն, ովքեր արևի տակ տեղ են փնտրում, ուզում են պառլամենտում կայուն ողորմելի ներկայություն ունենալ»,- ասաց Հայրիկյանը։

Նա նշեց, որ ԱԻՄ-ը համագործակցության կսպասի մինչև դեկտեմբերի վերջ, իսկ հետո կգործի իր ծրագրով։