2017 թվականին Հայաստանի առջեւ մի քանի մարտահրավերներ կկանգնեն, որոնցից մեկը սիրիացի փախստականների հարցն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ հայրենակիցներին օգնելու համար Երեւանը պետք է քաղաքական մեխանիզմներ մշակի: «Մենք սիրիահայերի համար պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որպեսզի նրանք հայրենիք գան եւ մնան, այլ ոչ թե այն որպես ժամանակավոր ապաստան դիտարկեն՝ երրորդ երկիր մեկնելու համար»,- ասաց այն կուսակցությունից ընտրված պատգամավորը, որը մշտապես դժգոհում է Հայաստանում բնիկ բնակչության ապրելու պայմանների բացակայությունից:
Մյուս խնդիրը, որին Հայաստանը կարող է բախվել 2017-ին, Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր քաղաքականությունն է, կարծում է Պողոսյանը: «Եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն իր խոստումը կատարի եւ խզի Իրանի հետ համաձայնագիրը, ապա դրա հետեւանքով ամբողջ տարածաշրջանը կտուժի»,- նշեց նա:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի առջեւ կանգնած երրորդ մարտահրավերը ապրիլին նախատեսված խորհրդարանական ընտրություններն են: «Մենք պետք է այնպես անենք, որ այդ ընտրությունները բաց եւ արդար անցնեն, որպեսզի դրանց արդյունքներին ոչ ոք չկասկածի»,- եզրափակեց Թեւան Պողոսյանը:





























