Ազգային ժողովն այսօր` դեկտեմբերի 16-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ» սահմանելու եւ կից ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծին կողմ քվեարկեց 100 պատգամավոր:
Նշենք, որ այս փոփոխություններով, այս փոփոխությամբ նախատեսվում է նաեւ ինքնազբաղված անձանց, որոնք ունեն տարեկան մինչեւ 9 մլն դրամի շրջանառություն եւ չունեն վարձու աշխատողներ, ազատել հարկային վճարումներից: Նոր օրենքով անհատ ձեռնարկատերերը եւ անհատ ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցրած անձինք կազատվեն նվազագույն եկամտահարկից եւ նվազագույն սոցիալական ապահովության վճարների ինչպես մայր գումարներից, այնպես էլ դրանց նկատմամբ հաշվարկված տույժ տուգանքներից: Վախթանգ Միրումյանի խոսքով` այսօր այդ նվազագույն հարկերն այլեւս չկան, մինչդեռ մարդիկ շարունակում են տույժ տուգանքները վճարել, այդ պատճառով առաջարկվում է ամբողջությամբ ներել դրանք: Բացի դրանից, անհատ ձեռնարկատերերը, նոտարները, ինքնազբաղված անձինք, որոնք գտնվում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներքո, այդ վճարներն ուշացնելու համար այսւոհետ տույժեր չեն վճարելու:
Այնուհետեւ Ազգային ժողովն իրար հետեւից ընդունեց շուրջ մեկ տասնյակ օրինագծեր, այդ թվում պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին նախագիծը, որն ընդունվեց 2-րդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: Կողմ քվեարկեց 96 եւ ձեռնպահ 1 պատգամավոր:





























