ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։
ՀՀ Քննչական կամիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձը (անձինք) 2016թ. դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան` ժամը 05:20-ի սահմաններում, վնասելու եղանակով բացել է «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲ ընկերությանը պատկանող բանկոմատը եւ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի ՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Դեպքի վայրի զննությամբ բանկոմատի մակերեսից վերցվել են պայթյունի արգասիքների փորձանմուշներ, հարակից տարածքից հատնաբերվել է թվով 2՝ գազի եւ թթվածնի համար նախատեսված գազաբալոն՝ իրենց մալուխով եւ թափանցիկ ռետինե խողովակով:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։ Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
ՔԿ-ից հայտնում են, որ քննության արդյունքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ։





























