Եթե վարչապետ Կարեն Կարապետյանը լինի ՀՀԿ համամասնական ցուցակի առաջին  համարը, նրա վարկանիշը կբարձրանա։ Այսինքն՝ քվեարկելու են ոչ թե ուժի, այլ անհատի օգտին։ Այս մասին դեկտեմբերի 19-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում այսօր չկա արմատական ընդդիմություն որպես այդպիսին։ «Հայաստանում եւ ամբողջ աշխարհում այսօր կան կուսակցություններ, բայց չկան առաջնորդներ»,– ասաց նա։

Քաղտեխնոլոգի խոսքով՝ խորհրդարանական ընտրությունները հիմնականում աշխարհաքաղաքական երանգ են ունենալու։ «Խորհրդարան կանցնեն 1-2 արեւմտամետ ուժ։ Կարծում եմ, որ խորհրդարան անցնելու շանսեր ունեն 2 արեւմտամետ ուժերը՝ նորաթուխ կոալիցիան («Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն»), որն ավելի շուտ եվրոպամետ է, եւ Հրանտ Բագրատյանի ու «Ազատ դեմոկրատներ» հնարավոր կոալիցիան, որը ավելի շուտ ամերիկամետ է»,– ընդգծեց Կարեն Քոչարյանը՝ հավելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը» կարող է առհասարակ մասնատվել։