Չինաստանի հյուսիսում օդի աղտոտման մակարդակը կրիտիկական ցուցանիշների է հասել։ Չինաստանի հյուսիսային քաղաքների միլիոնավոր քաղաքացիներ նախօրեին չէին կարողացել տներից դուրս գալ թունավոր սմոգի պատճառով։

Շիցզյաչժուան քաղաքում մանր թունավոր մասնիկների խտությունը 32 անգամ գերազանցել է անվտանգ մակարդակը, կազմելով մեկ խորանարդ մետրի համար 800 միկրոգրամ, հայտնում է BBC–ն։

Խենան ու Խեբեյ նահանգներում թունավոր մասնիկների խտությունը միջինը հասել էր խորանարդ մետրում 500 միկրոգրամի, մինչդեռ ԱՀԿ նորմայով խորանարդ մետրում ընդամենը 25 միլիգրամն է թույլատրելի։

Երկրի իշխանությունները չեղարկել են մի քանի հարյուր ավիաչվերթ, տեսանելիության վատացման հետեւանքով դադարեցվել է երթեւեկությունը մի քանի մայրուղիներով ու երկաթգծով։ Որոշ տեղերում փակվել են դպրոցները։

Պեկինում դադարեցվել է մի քանի հազար ձեռնարկության աշխատանքները, նաեւ շինարարական աշխատանքները։

Երկրի 23 քաղաքներում, այդ թվում Պեկինում հայտարարված է օդի աղտոտման «կարմիր»՝ ամենաբարձր մակարդակը։

Երկրի բնակիչները, որոնք վրդովված են ավիաչվերթների ու երկաթգծային չվերթների չեղարկումից, սոցցանցերում քննադատում են իշխանություններին ու հարցնում, թե ինչու կառավարությունը նախօրոք արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել՝ վնասակար արտանետումների քանակը նվազեցնելու ու աղետալի վիճակից խուսափելու համար։

Չինաստանի հյուսիսում ուժեղ սմոգը արդեն չորրորդ օրն է պահպանվում։ Չնայած իշխանության ձեռնարկած միջոցառումներին՝ իրավիճակը շարունակում է վատանալ։