Այսօր Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի ծննդյան օրն է։ Վրացի քաղաքական գործիչը ծնվել է 1967 թվականի դեկտեմբերի 21-ին Թբիլիսիիում։ Սահակաշվիլին այն հազվագյուտ քաղաքական գործիչներից է, որը հասարակությանը թույլ չի տալիս իր մասին մոռանալ։ Ներկայացնում ենք մի քանի հետաքրքրիր փաստ Սահակաշվիլիի մասին։
1. Վրաստանում թե՛ թշնամիները, թե՛ ընկերները Սահակաշվիլիին Միշա են անվանում։ Դա ընդունված էր դեռ այն ժամանակներից, երբ 35-ամյա Միշան փոթորկի պես ներխուժեց Շեւարնաձեի դարաշրջանի քաղաքականություն։ Սկզբում պատգամավոր, հետո՝ արդարադատության նախարար Սահակաշվիլին ամեն օր զարմացնում էր. բանտային գրադարանների համար գրքեր էր հավաքում, օրինակ էր ծառայում պաշտոնյաներին՝ կոչ անելով արյուն հանձնել թմրանյութերի ստուգման համար, կառավարության անդամներին համոզում էր իրենցից իսկ առգրավել պալատներն ու միլիոնները։ Իսկ մի անգամ համախոհների հետ, վարդերով զինված, մտավ խորհրդարանի շենք։ Ամբիոն բարձրացնալուց հետո առաջին բանը, որ արեց Վրաստանի ապագա նախագահը, մի շնչով խմեց այնտեղ դրված կանաչ թեյը։ Շեւվարնաձեի անձնական բաժակի միջի այդ թեյն էլ վրացիներն ընկալում են որպես հեղաշրջման խորհրդանիշ, որի արդյունքում Սահակաշվիլին 37 տարեկանում դարձավ Եվրոպայի ամենաերիտասարդ նախագահը։
2. Անգամ թշնամիները, ծիծաղելով կոկիկ Սահակաշվիլիի նախընտրական հոլովակի վրա, որում նա թոշակառու կնոջ հետ հանդիպման ժամանակ արտասվում է, ընդունում են նրա արտիստիզմը եւ խարիզման։ Դեռեւ մանուկ ժամանակ բացարձակ գերազանցիկ ապագա նախագահը խաղում էր սիրողական թատրոնում։ Թեպետ ավագ դասարաններում արվեստի նկատմամբ սերը քիչ էր մնում կործաներ երիտասարդ հեռանկարային տղային. տեսավարձույթի սրահների ծաղկման շրջանում Միշան դասընկերուհիների հետ բաց տեսարաններ էր նկարահանում։ Ասում են, այդ «ֆիլմերի» հերոսուհիների ազգականները քոթակել էին ինքնուս ռեժիսորին։ Սակայն պատմությունը շարունակվեց նաեւ առաջին կուրսում, երբ Միշային «անպարկեշտ» վարքի համար հեռացրեցին կոմսոմոլից։ Ինքն ասում էր, որ կոմսոմոլի տոմսով է վճարել դիսիդենտ գրականության նկատմամբ սիրո համար, իսկ կինո իրոք նկարահանում էր, բայց դա իտալական «Ծովահրեշի» ռեմեյքն էր։
3. Համալսարանից հետո Միխայիլ Սահակաշվիլին ուսանում է Ստամբուլում, ԱՄՆ–ում, Ֆլորենցիայում եւ վերջապես Հաագայում, որտեղ էլ ծանոթանում է իր ապագա կնոջ՝ Նիդեռլանդների քաղաքացի Սանդրա Ռուֆոլսի հետ։ Քչերը գիտեն, որ ԱՄՆ–ում Սահակաշվիլին աշխատում էր Patterson, Belknap, Webb & Tyler իրավաբանական ընկերությունում, որը սպասարկում էր ռուս գործարարներին՝ Դովգանին, Գուսինսկուն, Բերեզովսկուն։
4. Վրաստանի նախագահի լուսանկարների ու տեսահոլովակների մեծ մասում նա կարմիր ժապավեններ է կտրում։ Սահակաշվիլին շատ էր սիրում ցույց տալ, թե որքան շատ բան է կառուցվում Վրաստանում, որպեսզի ժողովրդի գիտակցության մեջ դա ասոցացվի անձամբ իր հետ։ Նախագահը հաջողացնում էր բացել անգամ այն, ինչը դեռ չկար՝ նախագիծ կամ կիսակառույց շենք, «Սոբեսեդնիկին» պատմել է Թբիլիսիում Եվրասիայի ինստիտուտի ղեկավար Ղուլբաթ Ռցխիլաձեն։
Կառավարման առաջին տարիներին Սահակաշվիլին շատ հայտնի էր. 2004–ին նրա օգտին քվեարկել էր ընտրողների 96 տոկոսը։ Նա Վրաստանում ստեղծեց մեկ պատուհանի ծառայություն, որի շնորհիվ ցանկացած ընթացակարգ, այդ թվում՝ բիզնեսի բացումը, 1-2 օր էր տեւում։ Նա բարեփոխեց ոստիկանությունը, փոխեց ուժային կառույցների անձնակազմի գրեթե կեսը, լուծարեց ամենակաշառակեր կառույցը՝ ԳԱԻ–ն։ Վարորդներն ու հետիոտները սկզբում աստվածացնում էին Միշիկոյին։
5. 08.08.08, այս երեք ութերը ճակատագրական դարձան Միխայիլ Սահակաշվիլիի կարիերայի համար։ 2008-ի օգոստոսին Հարավային Օսիայում եռօրյա պատերազմն ավարտվեց կատարյալ ձախողմամբ, իսկ Սահակաշվիլին հիշվեց որպես սեփական փողկապը ծամող խելագար։ Հետաքրքիր է, որ նախագահի բացատրությունները պակաս էքստրավագանտ չէին, քան արարքը։ «Ախ, որքան է ինձ զզվեցրել փողկապի հետ այս պատմությունը,– ասում էր նա լրագրողներին,– տեսախցիկը միացրած էր այն պահին, երբ ուղիղ եթեր չպետք է լիներ։ Ահա եւ վերջ։ Ես իր արարքի մեջ ոչ մի էքստրավագանտ բան չեմ տեսնում։ Դա ուղղակի զվարճալի սովորություն է։ Մենք բոլորս էլ պիոներ ժամանակ ծամում էինք մեր փողկապները»։
6. Փողկապի պատմությունից 5 օր առաջ՝ Հարավային Օսիայում ճգնաժամի ամենաթեժ պահին, Միխայիլ Սահակաշվիլին ցնցեց շրջապատին՝ վազելու ունակություններ ցուցադրելով։ Գորի քաղաք այցելության ժամանակ Վրաստանի նախագահը նայեց երկնքին եւ հանկարծակի սկսեց վազել եւ անգլերեն ինչ–որ բան բղավել։ Սահակաշվիլիի հետեւից սկսեցին վազել թիկնապահները, լրագրողները։ Կարծիք կա, որ նախագահին վախեցրել էր անցնող ռուսական օդանավի ձայնը։ Սակայն քանի որ օդանավը Սահակաշվիլիին չէր մոտեցել, նրա խուճապահար վազքը դարձավ քաղաքական գործչի անադեկվատ պահվածքի եւս մեկ օրինակ։
7. «Զրո հանդուրժողականություն, բոլորին բա՛նտ»։ Այս արտահայտությունը խորհրդարանում արել էր նախկին հեղափոխական Սահակաշվիլին։ Նրան բառացի էին հասկացել։ Խորհրդային Վրաստանում կար 3 հազար բանտարկյալ, Սահակաշվիլիի օրոք այդ թիվը դարձավ 100 հազար։ Մեզ մոտ բանտարկում էին ամեն բանից համար՝ պահածոյի տարայի, մարզասրահից տարած ֆուտբոլի գնդակի։ Քրեական աշխարհի դեմ պատերազմը Սահակաշվիլին միանշանակ հաղթեց. նա մի քանի ամսում Վրաստանը մաքրեց «օրենքով գողերից», բանտում կարող էին հայտնվել անգամ «գողական մտածելակերպի» համար։
«Արտահանման մեր գլխավոր ապրանքը ոչ թե գինին է, այլ օրենքով գողերը»,– կատակում էր նա։
8. Վրաստանում շշուկներ են պտտվում Սահակաշվիլիի բազմաթիվ սիրավեպերի մասին։ Հայտնի է, որ անգամ նախարարական պաշտոններին նա երիտասարդ եւ գեղեցիկ կանանց էր նշանակում։ Ասում են, որ իր ուշադրությունից զուրկ չէր պահում նաեւ երգչուհիներին ու լրագրողներին։ Բացառված չէ, որ մաչոյի կերպարը ձեւավորվում էր հատուկ, PR–ի համար։ «Մենք Ամերիկա չենք, որտեղ Բիլ Քլինթոնը քիչ էր մնում կորցնի իշխանությունը արտամուսնական կապի պատճառով, Կովկասում տղամարդու սիրառատությունը դրական բան է»,– ասում է Առնո Խիդիրբեգիշվիլին։
9. Անգամ հեռանալով՝ Սահակաշվիլին հիշում է PR–ի մասին։ Լքելով նախագահական նստավայրը՝ Վրաստանի նախագահը լրագրողներին պատմել էր, որ տեղափոխվում է իր տատիկի տուն։ Տատիկն էլ իր հերթին կտեղափոխվի Սահակաշվիլիի մոր մոտ։ Ոչ ոք չի հավատում, որ նախագահն այդ աստիճան ունեզուրկ է։ Հայտնի է, որ նա գումար չէր խնայում երիտասարդացման, նիհարելու պրոցեդուրաների համար, հանգստանում էր թանկարժեք հյուրանոցներում։ Դժվար թե նա ունեցվածով զիջում է Բիձինա Իվանիշվիլիին։ Սահակաշվիլին կարողացավ հաղթել կաշառակերությանը, բայց այն վերածեց էլիտարի։ Օրինակ՝ 2008-ի պատերազմի հետեւանքների վերացման համար հատկացված 8 մլրդ եվրոյից 4 մլրդ եվրո էր անհետացել, իսկ այդ գումարը բաշխող անձը նախարար էր նշանակվել։
10. Օդեսայի նահանգապետ լինելու տարիներին նա իր մասին խոսակցությունների թեմա տվեց Դնեպրոպետրովսկում Հակակոռուպցիոն ֆորոմի ժամանակ ելույթով։
.jpg)
Թե ինչ էր խոսել Սահակաշվիլին, մնաց նրա արտաքին տեսքի թողած տպավորության ստվերում։ Ներկաները ֆիքսել էին, որ Միշիկոն ամբիոնի մոտ կանգնած է տաբատի փողքը գուլպայի մեջ խրած։





























