«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը դեկտեմբերի 9-ից ոչ ադեկվատ վիճակում է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը:
«Դեկտեմբերի 9-ին, երբ այցելեցի քնած էր, ասացին, որ ինչ-որ հեգբույժներն են այցելել նրան, ես զարմացա, որովհետեւ երբեւէ չեմ նկատել, որ նա հոգեբույժի կարիք ունենա: Ինձ ասացին, որ ինչ-որ դեղեր են ներարկել, վատ վիճակում է եղել»,-ասաց նա:
Հայարփի Սարգսյանը նշեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից նրան չեն տեղեկացրել, որ Հովհաննես Հարությունյանը այդպիսի վիճակում է. «Նրա այդպիսի վիճակի մասին պատահաբար իմ այցելության ժամանակ իմացա: Քանի որ դեկտեմբերի 10-ը եւ 11-ը ոչ աշխատանքային էին, ես չկարողացա որեւէ պարզաբանում ստանալ: Դեկտեմբերի 10-ին Հովհաննեսը քնած էր, չկարողացա զրուցել հետը, 11-ին արթուն էր, բայց ոչ ադեկվատ վիճակում: Ինչ-որ բաներ էր խոսում, չէի հասկանում, ինքն էլ չէր հասկանում՝ ինչ ա խոսում, անում: Նա կամ ինչ-որ դեղերի ազդեցության տակ էր, կամ շոկի մեջ էր, չհասկացա ինչ էր կատարվում»:
Փաստաբանը նշեց, որ դեկտեմբերի 12-ին մի շարք կառույցների է դիմել, տեղեկացրել Հովհաննես Հարությունյանի վիճակի մասին, դիմել է Առողջապահության եւ Արդարադատության նախարարություններ՝ պահանջելով իր պաշտպանյալին անմիջապես քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել եւ կատարել անհրաժեշտ հետազոտություններ: Փաստաբանի խոսքով՝ փորձել է նաեւ իր պաշտպանյալի վիճակի մասին պարզաբանում ստանալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, սակայն, անարդյունք: Հայարփի Սարգսյանը նաեւ ՀՔԾ հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին, սակայն, կրկին անարդյունք:
«Դեկտեմբերի 12-ին էլ այցելեցի նրան, կրկին ոչ ադեկվատ էր, նրա հենակները վերցրել էին ձեռքից եւ ես տեսա՝ ինչպես է իր վիրավոր ոտքը դնում գետնին եւ քայլում, որն ինձ շատ զարմացրեց, քանի որ վերջին օրերին նրա ոտքը շատ էր ցավում եւ ընդհանրապես չէր կարողանում գետնին դնել: Դեկտեմբերի 13-ին ես նրա կողքից չէի հեռանում, պահանջում էի բժիշկ, ՔԿՀ-ից աշխատակիցներն եկան, ասացին՝ պետք է բացատրական աշխատանքներ տանեն, դուրս գամ, չխանգարեմ իրենց»,-ասաց նա:
Հայարփի Սարգսյանը դեկտեմբերի 16-ին էլ է այցելել իր պաշտպանյալին, նրա հիվանդասենյակից դեղերի սուր հոտ է եկել. «Նա այդ օրն համեմատաբար լավ էր, փորձեց քայլել առանց հենակների, բայց չկարողացավ: Ինչը վկայում է այն մասին, որ նա դեղերի ազդեցության տակ է եղել եւ այդ պատճառով, երբ առանց հենակների քայլել է, չի զգացել ոտքի ցավը»:
Փաստաբանը դիմել է նաեւ ՄԻՊ, ներկայացուցիչները այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ հայտարարել՝ ոչ ոք իրենց առողջական վիճակից չի դժգոհում. «Մենք հոգեբան ենք հրավիրել, սակայն, նրան թույլ չեն տալիս մտնել Հովհաննեսի մոտ: Մինչ օրս ոչ մի պատասխան չեն տալիս հոգեբանի հետ կապված, խուսափում են նաեւ անկախ դիտորդներին ներս թողնել»:
Հայարփի Սարգսյանը նշեց, որպեսզի պարզվի՝ ինչու է իր պաշտպանյալն այդ վիճակում հայտնվել, անհրաժեշտ է արյան անալիզ վերցնել, հետազոտություն անել, որի պահանջը ներկայացրել է, բայց որեւէ քայլ չի ձեռնարկվում:
Հիշեցնենք, որ ոտքից ծանր վիրավորում ստացած Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին հակասական կարծիքներ կան: Ըստ փաստաբան Հայարփի Սարգսյանի՝ իր պաշտպանյալի վիճակը գնալով վատանում է, նրան շտապ վիրահատություն է պետք, քանի որ ոտքը սկսել է սեւանալ, բարակել, իսկ նա էլ ցավերին չի դիմանում: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հակառակն է պնդում:




























