Աֆրիկայի Սահարա անապատում 37 տարվա մեջ առաջին անգամ ձյուն է եկել, հայտնում է Independent–ը՝ վկայակոչելով ականատեսներին։

«Բոլորը ցնցված էին անապատում տեղացած ձյան պատճառով, դա հազվադեպ երեւույթ է»,– ասել է սիրողական ֆոտոլրագրող Քարիմ Բուշեթաթան, որը լուսնկարներն արել է Ալժիրի Այն Սեֆրա քաղաքում՝ անապատի հյուսիսում։ Նրա խոսքով՝ ձյունը մոտ մի օր մնացել էր, իսկ հետո սկսել էր հալչել։

Բուշեթայի լուսանկարներում ձյան բարակ շերտը ծածկում է ավազաթմբերը՝ ստեղծելով ալիքաձեւ նախշեր։

Պարբերականը նշում է, որ Այն սեֆրա քաղաքը հայտնի է, որպես «Անապատի դարպաս»։ Ամռանը օդի ջերմաստիճանը հասնում է 37 աստիճանի, իսկ ձմռանը այն կարող է տատանվել սառցակալմանը մոտ ջերմաստիճանի սահմաններում։