ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչությունը անվանել է «մարդկության վրա հարձակում, որը պետք է կանգնեցվի»։ ABCnews-ի փոխանցմամբ, Ֆլորիդայում կարճատեւ ճեպազրույցի ընթացքում Թրամփը նշել է, որ «100 տոկոսով իրավացի էր։ Այն ինչ տեղի է ունենում՝ խայտառակություն է»։ Նա նաեւ հայտնել է, որ նախագահ Բարաք Օբամայի հետ չի քննարկել բեռլինյան ահաբեկչությունը։
Երբ լրագրողները խնդրել են, որ նա մեկնաբանի ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ Բեռլինում տեղի ունեցած ահաբեկչությունն ուղղված է եղել քրիստոնյաների դեմ, Թրամփը նորից կրկնել է, որ «դա հարձակում էր մարդկության դեմ, որը պետք է կանգնեցվի»։
Ավելի վաղ իր հայտարարության մեջ Թրամփը նշել էր, որ «ԻՊ-ն ու իսլամական ահաբեկիչները շարունակում են սպանել քրիստոնյաներին, ինչը գլոբալ ջիհադի մի մասն է»։





























