Լիբիական օդանավը զավթողները դեռ չեն խնդրել իրենց քաղաքական ապաստան տրամադրել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այս պահի դրությամբ նրանք քաղաքական ապաստան չեն խնդրել»,- հայտնել է Մուսկատը։ Նա չի բացառել, որ ապագայում կստանան նման խնդրանք։

Ավելի վաղ «Աշ Շարք ալ- Աուսատ» պարբերականը իր Twitter էջում հայտնել էր , որ Afriqiyah ավիաընկերության օդանավը զավթողները պահանջել են իրենց ապաստան տրամադել եվրոպական երկրներից մեկում։ Ավելի ուշ «Ֆրանս Փրես» գործակալությունը, վկայակոչելով Լիբիայի նախարարին, հայտնել էր, որ հանցագործները ապաստան են խնդրել Մալթայում։

Մամուլի ասուլիսի ժամանակ Մուսկատը հայտնել է, որ Մալթայի իշխանությունները ակտիվ համագործակցել են լիբիացի գործընկերների հետ ու շնորհակալություն է հայտնել աջակցության համար։

Afriqiyah ընկերության օդանավը, որը Լիբիայում Սեբխա-Տրիպոլի ներքին չվերթն էր իրականացնում, գրավել էին հանցագործները ՝ պահանջելով փոխել ուղղությունը դեպի Մալթա։ Հավաստի տվյալներով օդանավում 111 ուղեւոր ու անձնակազմի 6 անդամ է եղել։ Մալթայում վայրէջք կատարելուց հետո հանցագործները ազատ են արձակել բոլոր ուղեւորներին, իսկ հետո իրենք են դուրս եկել անձնակազմի վերջին անդամների հետ ու ձերբակալվել են։