2017թ. ընտրություններին Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը կփորձի մասնակցել դաշինքով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին լրագրողներին ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը:

Նա չնշեց կուսակցությունների անվանումներ, թե ում հետ են ընթանում բանակցությունները. «2017թ. ընտրություններին մասնակցելու ենք, ունենք կոնսուլտացիոն շփումներ Ռամկավարների հետ: Հիմա բանակցում ենք գաղափարախոսությամբ մեզ հարազատ կուսակցությունների հետ հնարավոր դաշինքի ստեղծման համար: Չեմ կարող բարձրաձայնել՝ ում մասին է խոսքը, որովհետեւ կոռեկտ չէ վերջնական պայմանավորվածություն չլինելու դեպքում անուններ տալը: Հույս ունեմ կոնսոլիդացիան կիրականացվի»,- ասաց Գալստյանը:

ՍԴՀԿ ատենապետը փաստեց, որ անկախ բանակցությունների արդյունքից՝ ՍԴՀԿ մասնակցելու է ընտրություններին:

«Մենք մեր վերջնական ձեւաչափը կհստակեցնենք հունվարի 15-ին. կլինի դաշինք, դաշինքով կմասնակցենք, չլինի՝ մենք մենակ կմասնակցենք»,- նշեց նա:

Նարեկ Գալստյանը հավելեց նաեւ, որ դաշինքի դեպքում ինքը ռեյտինգային թեկնածու է առաջադրվելու Գեղարքունիքից: