Ուզբեկստանում պատիժը կրող Արամայիս Ավագյանի նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Ուզբեկստանի իր գործընկերոջը:
Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություններ են տարածվել Ուզբեկստանում պատիժը կրող Արամայիս Ավագյանի նկատմամբ արգելված վերաբերմունքի վերաբերյալ: Ա. Ավագյանի իրավունքների պաշտպանության խնդրով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին դիմել է նաեւ նրա մայրը:
Հարցի առնչությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երկու պաշտոնական նամակ է հասցեագրել Ուզբեկստանի Մարդու իրավունքների հանձնակատար Ուլուգբեկ Մուխամմադիեւին` բարձրացնելով առկա բոլոր մտահոգությունները:
Բացի այդ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այսօր հեռախոսազանգ է ունեցել Ուզբեկստանի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակ: Հեռախոսազրույցի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ուզբեկստանի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը պատժի կատարումն ապահովող մարմնին պաշտոնական միջնորդություն կներկայացնի, որ Ա.Ավագյանը ենթարկվի բժշկական հետազոտության: Բացի այդ, հանձնակատարի ներկայացուցիչները, ըստ պայմանավորվածության, կայցելեն Ա. Ավագյանին:





























