Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը կենսունակ է, այլընտրանք չունի եւ վաղ թե ուշ ուժի մեջ կմտնի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անցած նիստում Ղրղզստանը եւ Բելառուսը վերջնականապես չեն համաձայնեցրել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը:
«Ղրղզստանում իրավիճակը կվերջնամշակվի: Իսկապես, ղրղզական կողմից որոշ դիտողություններ կային: Դա հիմնականում կապված է բուսասանիտարական վերահսկողության հետ: Դա միանգամայն նորմալ աշխատանքային վիճակ է: Օրենսգիրքը կենսունակ է: Այս օրենսգրքին այլընտրանք չկա: Եվ ոչ մի կասկած չկա, որ վաղ թե ուշ այն ապագա ինտեգրացիոն գործընթացների շահերի շրջանակում ուժի մեջ կմտնի»,- հայտարարել է Պեսկովը:
Նա պարզաբանել է, որ Մաքսային օրենսգրքի շուրջ աշխատանքները շարունակվում են վարչապետների մակարդակով: Նա նշել է, որ Բելառուսը եւս օրենսգիրքը կընդունի, քանի որ նախկինում նրա դրույթները համաձայնեցրել է:
«Բոլոր դրույթները հիմնականում համաձայնեցվել են կոլեգիայի, փորձագիտական մակարդակում: Փաստաթուղթը այն բաժակն է, որն ավելի շուտ լի է, քան կիսադատարկ»,- ասել է նա:





























