Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հուլիսի 20-ին Խորենացի փողոցում  բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Տիգրան Ավագյանին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 3,5 տարվա ազատազրկման: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Ավագյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը:

«Դատախազը 3,8 տարվա ազատազրկում էր պահանջել, դատարանն էլ դատապարտեց 3,5 տարվա ազատազրկման»,- ասաց Պապիկյանը:

Արայիկ Պապիկյանի խոսքով՝ դատախազը նշել է, որ առկա է ռեցիդիվ, սակայն, ըստ պաշտպանի, դա սխալ է:

Փաստաբանը նշեց, որ դատարանի այս որոշումը բողոքարկելու է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Տիգրան Ավագյանը մեղադրվում էր 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զնգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Մեղադրանք է առաջադրվել ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի։ Տուժող են հանդիսանում 46 ոստիկաններ։