ԿԸՀ–ն դեկտեմբերի 30-ին հավանություն է տվել հերթական խորհրդարանական ընտրությունները 2017-ի ապրիլի 2-ին անցկացնելու որոշման նախագծին։
Որոշման նախագծին կողմ է քվեարկել ԿԸՀ 5 անդամ, դեմ քվեարկողներ չեն եղել։
Ներկայացնելով նախընտրական միջոցառումների պլանը՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ԿԸՀ–ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների, դաշինքների փաստաթղթերը ընդունելու համար ժամկետ է սահմանել 2017-ի փետրվարի 6-16–ը։ ԿԸՀ–ն դաշինքներն ու կուսակցությունները կգրանցի 2017-ի փետրվարի 6-16-ը՝ մինչեւ ժամը 18։00–ն։
Ընտրողների նախնական ցուցակների հրապարակումը ընտրական կենտրոններում տեղի կունենա 2017-ի փետրվարի 21-ին։ Նախընտրական քարոզչության համար ժամկետ է սահմանված 2017-ի մարտի 5-31–ը՝ մինչեւ ժամը 24։00–ն։
Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2017-ի ապրիլի 2-ին։





























