Հայաստանի Ընտրական օրենսգիրքը ընտրական գործընթացի հասարակական վերահսկողության բազմաթիվ մեխանիզմներ է ամրագրել: Այս մասին դեկտեմբերի 30-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում ելույթ ունենալիս հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Ի պատասխան այն հարցին, թե ինչ փուլում է ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման գործընթացը, նա նշեց. «Եթե ընկերությունների մրցույթ հայտարարվի, որոնք պատրաստ են ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրել, այդ մրցույթին, բնականաբար, կարող են ինչպես տարբեր սուբյեկտներ մասնակցել, այնպես էլ ոչ ոք չմասնակցի: Երկու դեպքում էլ Ընտրական օրենսգրքի ոչ մի դրույթ չի խախտվում, քանի որ ԸՕ-ն հասարակական վերահսկողության բազմաթիվ մեխանիզմներ է ամրագրել, որոնք ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հնարավորություն են տալիս լիարժեք հետեւել ինչպես ընտրական գործընթացին, այնպես էլ յուրաքանչյուր գործառույթի հասարակական վերահսկողություն իրականացնել»: