Ավելի քան հարյուր մարդ, այդ թվում՝ հոլիվուդյան աստղեր Լոս Անջելեսում մասնակցել են ամերիկյան դերասանուհի Քերրի Ֆիշերի եւ նրա մոր՝ Դեբբի Ռեյնոլդսի վերջին հրաժեշտի արարողությանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Daily Mail»-ը:

«Աստղային պատերազմներում» արքայադուստր Լեային մարմնավորած Ֆիշերը վախճանվել է 2016 թվականի դեկտեմբերի 27-ին, 61 տարեկանում: Նրա ինքնազգացողությունը վատացել է Լոնդոնից Լոս Անջելես թռիչքի ժամանակ: Ծայրահեղ ծանր վիճակում դերասանուհուն հիվանդանոց են տեղափոխել, սակայն նա սրտի կաթվածից մահացել է:

Ֆիշերի մահվան հաջորդ օրը վախճանվել է նաեւ նրա 84-ամյա մայրը՝ դերասանուհի եւ երգչուհի Դեբբի Ռեյնոլդսը:

Դերասանուհիներին վերջին հրաժեշտը տվել են Բեւեռլի Հիլզի նրանց առանձնատներում, որոնք հարեւանությամբ գտնվում: Արարողությանը ներկա են եղել նաեւ Հոլիվուդի աստղեր Մերիլ Սթրիփը, Գվինեթ Փերթլոուն եւ Մեգ Ռայանը: