Եվրամիությունն ապագայում հազիվ թե փլուզվի: Հակառակը, ԵՄ կազմ կարող է վերադառնալ նաեւ Մեծ Բրիտանիան: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ «TV Blesk» հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:

«Ես հավատում եմ Եվրամիության ապագային, չեմ կարծում, որ այն կփլուզվի: Առաջիկա 20 տարիների ընթացքում դրա կազմ կարող է վերադառնալ նաեւ Մեծ Բրիտանիան: Բայց դա արդեն այլ Եվրամիություն կլինի»,- ասել է Զեմանը:

Չեխիայի նախագահը ենթադրում է, որ ԵՄ-ն ապագայում այլեւս չի միջամտի իր կազմում ներառված ինքնիշխան պետություւնների ներքին գործերին: Նրա կարծիքով՝ ԵՄ-ն նաեւ իր առջեւ նպատակ կդնի իրականացնել սոցիալական պետության սկանդինավյան մոդելը: