Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական պարբերականի խմբագրության վրա ահաբեկչական հարձակումնից 2 տարի անց «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) եւ Cartooning for Peace (CFP) կազմակերպությունները համատեղ հաղորդագրությամբ հայտարարել են, որ մամուլում աշխատող նկարիչները «դեռեւս թանկ են վճարում իրենց ծաղրի եւ հանդգնության համար»: Այս մասին հայտնում է ֆրանսիական RFI միջազգային ռադիոն: 

«Լրագրողներ առանց սահմանների» եւ Cartooning for Peace կազմակերպությունները հիշեցնում են, որ ծաղրանկարիչները ենթարկվում են քաղաքական, կրոնական եւ տնտեսական ճնշման, գրաքննության, սպառնալիքների, դատական հետապնդումների, բռնության եւ նույնիսկ սպանվում են: Միջազգային կազմակերպություններն ընդգծում են, որ ծաղրանկարչի մասնագիտությունը մշտական հետապնդումների պատճառով սպառնալիքի տակ է:

RSF-ը եւ CFP-ն բերում են մալայզիացի ծաղրանկարիչ Զունարի օրինակը, որ երկար տարիներ իշխանությունների մշտական հետապնդումների զոհն է, Թահար Ջեհիշի, որն Ալժիրում բանտարկվել է երկրի նախագահին վիրավորելու համար, Մուսա Քարթի՝ թուրքական Cumhuriyet-ի աշխատակցի, ում նույնպես բանտարկել են:

RSF-ի գլխավոր քէարտուղար Քրիսթոֆ Դելուարը նշել է, որ միջազգային իրավունքով երաշխավորվում է տեղեկատվության տարածման ազատությունը, որը կարող է ինչ-որ մեկին վիրավորել, ցնցել կամ վրդովել: «Կրոնական վիրավորանքը հաճախ օգտագործվում է որպես քաղաքական հետապնդման պատրվակ»,- նշել է նա:

Ուղիղ 2 տարի առաջ Սաիդ եւ Շերիֆ Քուաշի եղբայրները հարձակվել են Charlie Hebdo-ի խմբագրատան վրա, որի հետեւանքով 12 մարդ զոհվել է, այդ թվում՝ հայտնի նկարիչներ Կաբյուն, Շարբը, Օնորեն, Տինյուն եւ Վոլինսկին: Երկու օր անց Քուաշի եղբայրներին սպանեցին Ֆրանսիայի հատուկջոկատայինները, երբ հարձակվողները թաքնվում էին Փարիզից հյուսիս գտնվող տպագրատանը: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Արաբական թերակղզու Ալ-Քաիդա» խմբավորումը: