Ներքին ու արտաքին հակամարտությունների վտանգն առաջիկա հինգ տարիներին կաճի՝ հասնելով այնպիսի մակարդակի, որն աննախադեպ է «սառը պատերազմի» ժամանակներից։ Դա կուղեկցվի համաշխարհային տնտեսության աճի դանդաղումով, աշխարհակարգի փոփոխություններով, հակագլոբալիզացիոն եւ ազգայնական տրամադրությունների աճով։ Նման եզրակացություն է պարունակում ամերիկյան հետախուզության զեկույցը, որը կոչվում է «Գլոբալ միտումներ՝ առաջընթացի պարադոքսը», հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Զեկույցում նշված են այն գործոնները, որոնց պատճառով մոտ ապագան լինելու է «մութ ու բարդ»։Դրանցից են Ռուսաստանի ու Չինաստանի հետզհետե ավելի համառ դարձող վարքագիծը, տարածաշրջանային հակամարտոթյունները, ահաբեկչությունը, աճող սոցիալական բեւեռացումը, կլիմայական փոփոխությունները ու տնտեսության թույլ աճը։
Զեկույցում նշված է նաեւ, թե ինչ համալիր խնդիրներով պետք է զբաղվի Թրամփն իր նախընտրական խոստումները կատարելու համար՝ բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները, տնտեսական պայմաններով հավասարվել Չինաստանին, ԱՄՆ վերադարձնել աշխատատեղերը ու հաղթել ահաբեկչությունը։
Ըստ զեկույցի հեղինակների՝ առաջիկա տարիներին ահաբեկչության սպառնալիքը աճելու է, իսկ Չինաստանն ու Ռուսաստանը, օգտվելով Արեւմուտքի ներքին խնդիրներից ու մարդու իրավունքների ոլորտում անորոշ ստանդարտներից, մարտահրավեր են նետելու ԱՄՆ ազդեցությանը։
Ըստ զեկույցի՝ այս խնդիրները չեն հասնի լիամասշտաբ պատերազմի մակարդակին, բայց «սխալների լուրջ ռիսկեր» կառաջացնեն։
Եվ չնայած «թեժ պատերազմից» գուցեեւ կհաջողվի խուսափել, բայց «աշխարհը կբաժանվի ազդեցության ոլորտների»։





























