Վենեսուելայի Գերագույն դատարանը հաղորդել է, որ երկրի խորհրդարանի՝ Ազգային վեհաժողովի որեւէ բանաձեւ չի կարող հանգեցնել նախագահի պաշտոնանկության: Ըստ Gazeta-ի՝ պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է դատարանի կայքում:

Դատարանը նշել է, որ խորհրդարանը, երկրի Սահմանադրության համաձայն, նախագահին պաշտոնանկ անելու լիազորություններ չունի: Դատարանը նաեւ խորհրդարանականներին խնդրել է զերծ մնալ նախագայի իմփիչմենթի մասին բանաձեւ ընդունելուց:

Բացի այդ, երկրի Գերագույն դատարանն ընդգծել է երկխոսության կարեւորությունը՝ քաղաքական տարաձայնությունները հարթելու համար:

Վենեսուելայի Սահմանադրությունը երկրի նախագահի իմփիչմենթի հնարավորություն չի նախատեսում: Ամեն դեպքում, խորհրդարանն այլ գործիքներ ունի՝ ծանրակշիռ հիմնավորման դեպքում նախագահին պաշտոնանկ անելու համար: