2017-ին փորձագետները պղնձի գների աճ են ակնկալում Չինաստանում ներմուծման ծավալների աճի շնորհիվ, գրում է Mining.com–ը։
Գները սկսել են բարձրանալ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո։ Ներդրողները սպասում են, արդյոք նոր նախագահը կսկսի 500 մլրդ դոլարի ենթակառուցվածքային ծրագրերը, որոնց մասին խոսում էր քարոզարշավի ժամանակ։
Գների աճին նպաստում է նաեւ այն հանգամանքը, որ Չինաստանը՝ պատրաստի պղնձի գրեթե 50 տոկոսի գնորդը, սկսել է ավելի շատ պղինձ ներմուծել։
Նույնիսկ Goldman Sachs–ը, որը սովորաբար զուսպ է իր գնահատականներում, համարում է, որ Չինաստանի աճող պահանջարկից գները կբարձրանան, եթե ոչ ամբողջ 2017-ին, ապա առնվազն առաջին կիսամյակին։ Բանկն ակնկալում է, որ առաջիկա 6 ամիսներին պղնձի գինը կգերազանցի տոննայի համար 6200 դոլարը ,իսկ տարեվերջին կիջնի 5600 դոլարի, այսինքն նույն մակարդակին, ինչ հիմա։
Իսկ BMI վերլուծական գործակալության կարծիքով չնայած Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո պղինձը կտրուկ թանկացել է, բայց հիմա դրա գինն աստիճանաբար կնվազի։ Ընդհանուր աճի միտումը կպահպանվի, բայց ավելի դանդաղ։ Արդյունքում BMI-ն ակնկալում է ,որ 2017-ին մեկ տոննա պղինձը մոտ 5150 դոլար կարժենա։




























