«Սասնա ծռերի» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ իր պաշտպանյալին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հիվանդանոց տեղափոխելու պահանջով: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունվարի 11-ին, Հայարփի Սարգսյանը նշեց, որ նաեւ դատախազությունից պարզաբանում է պահանջում՝ ինչ հիմքով է իր պաշտպանյալն առողջական այդ վիճակում «Դատապարտյալների» հիվանդանոցից տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի խուց, որտեղ բացի իրենից կա 10 այլ բանտարկյալ. «Նրան տեղափոխելու ոչ բժշկական, ոչ իրավական հիմքեր չկա»:
Պաշտպանի խոսքով՝ Հովհաննես Հարությունյանը դժվարությամբ է կարողանում տեղաշարժվել անգամ հենակներով եւ տեսակցությունների ժամանակ նա ստիպված է լինում մեծ դժվարությամբ «հաղթահարել» ՔԿՀ-ի աստիճանները:
«Ոտքի ցավեր ունի եւ լիարժեք չի կարողանում ոտքը օգտագործել: Ինքը հենակներով տեղաշարժվում է, բայց այդ վիրավորումով խցում գտնվելն արդարացի չէ: Բայց Հովհաննեսի խնդիրը խցի պայմանների հետ կապված չէ, նա տեսակցությունների ժամանակ խոսում է միայն ոտքից: Արդեն 6-րդ ամիսն է, բայց որեւէ բժշկական միջամտություն չի կատարվել, որպեսզի նա կազդուրվի: Ոտքի այդպիսի խնդրի առկայության դեպքում նա գտնվում է մի խցում, որտեղ կան խավարասերներ եւ այլ միջատներ»,-ասաց նա:
Հովհաննես Հարությունյանի շահերի պաշտպան Հայարփի Սարգսյանը հայտարարություն էր տարածել, որ առանց իր իմացության իր պաշտպանյալին «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ եւ այդ քայլը նա գնահատել էր հաշվեհարդար նրա նկատմամբ:
Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակի մասին հակասական կարծիքներ կան: Ըստ փաստաբան Հայարփի Սարգսյանի՝ իր պաշտպանյալի վիճակը գնալով վատանում է, իսկ պատկան մարմինները պնդում են, որ Հովհաննես Հարությունյանը կազդուրվե լէ եւ նա ստացիոնար բուժման կարիք այլեւս չունի:
Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է:





























