ԵՄ–ն չի կարող Կիպրոսում անվտանգություն ապահովել, կարծում է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։ Այս մասին նա ասել է Ժնեւում Կիպրոսի հարցով միջազգային կոնֆերանսի ժամանակ, փոխանցում է Anadolu–ն։

Նրա խոսքով՝ չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը» եւ Անկարան միասնական են այն հարցի շուրջ, որ Թուրքիան պետք է պահպանի երաշխավոր երկրի կարգավիճակը, իսկ կղզում թուրքական զորքերի տեղակայումը պետք է շարունակվի։ Չավուշօղլուն ընդգծել է, որ Կիպրոսի հարցով բանակցություններում անհրաժեշտ է հստակ ժամանակային սահմաններ դնել։ «Բանակցությունները չեն կարող հավերժ շարունակվել։ Երկխոսությունը պետք է վերականգնվի հունվարի 18-ին եւ ավարտվի նախարարների մակարդակով արագ հանդիպմամբ»,– ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

«Ի՞նչ հակամարտություն է մինչեւ հիմա կանխել ԵՄ–ն։ Ո՞վ կերաշխավորի նրա  ապագան։ Եթե վաղը ինչ–որ մեկը խախտի պայմանավորվածությունները, կմիջամտի արդյոք Եվրամիությունը հակամարտությանը։ Այդ ամենը գեղեցիկ բառեր են միայն»,– մեկնաբանել է Չավուշօղլուն երաշխավոր երկրներին (Հունաստան, Թուրքիա, Մեծ Բրիտանիա) ԵՄ–ով փոխարինելու առաջարկը։