Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` նոյեմբերի 3-ին որոշեց Հանձնաժողովին կից ստեղծել հասարակական խորհուրդ։ Այնտեղ ներկայացված կլինեն սպառողների իրավունքները պաշտպանող հասարակակական կազմակերպությունների, գործարար աշխարհի եւ հանրային խորհրդի ներկայացուցիչներ։
Ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի՝ խորհրդի ստեղծման նպատակն է մրցակցությանն առնչվող խնդիրների քննությանը ներգրավել հասարակության ներկայացուցիչներին։ Հանձնաժողովը Խորհրդից ակնկալում է նաեւ տեղեկատվության տրամադրում այս կամ այն շուկաներում ընթացող երեւույթների վերաբերյալ։ Թեեւ Հանձնաժողովում գործում է թեժ գիծ, սակայն, ըստ Շաբոյանի, քաղաքացիներն այնքան էլ չեն ձգտում Հանձնաժողովին անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել։





























