«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանը կմնա անազատության մեջ: Հունվարի 25-ի երեկոյան Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի՝ Արմեն Բիլյանի կալանքի ժամկետ եւս 2 ամսով երկարացնելու միջնորդությունը: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Արմինե Ֆանյանը:

Նշենք, որ Արմեն Բիլյանը մեղադրվում է նաեւ ՊՊԾ գնդի տարածքում ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ, նրան մեղադրանք է առաջադրվել նաեւ Քրեական օրենսգրքի 238–րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (զենք զինամթերք շորթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) եւ 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 11-րդ կետերով: Արմեն Բիլյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում: