Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Անդրիաս Ղուկասյանը կմնա անազատության մեջ: Այսօր՝ հունվարի 26-ին, Երեւանի Արաբկի եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Անդրիաս Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացնելու մասին նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: NEWS.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանը նշեց, որ դատարանը մերժել է Անդրիաս Ղուկասյանին 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Պաշտպանի խոսքով, իր պաշտպանյալի անմեղությունն ապացուցող տեսագրություններ կան, որոնց վրա «դատարանը աչք է փակում»:
«Այդ տեսագրություններով հերքվում են ոստիկանների եւ հոգեբուժարանում հաշվառված երկու վկաների ցուցմունքները, սակայն, դատարանը աչք է փակում: Բացի այդ իմ պաշտպանյալը բոյկոտել է նիստերը եւ հրաժարվել գալ նիստերին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։




























