ՆԱՏՕ–ի բազաներում ծառայություն իրականացնող մոտ 40 թուրք զինվորականներ դիմել են Գերմանիայի իշխանություններին՝ խնդրելով ապաստան տրամադրել, հայտնում է Spiegel–ը։

Թերթը գրում է, որ զինծառայողները դիմել են ապաստանի խնդրանքով, քանի որ Թուրքիայում «զտումների» տակ են ընկել եւ ստիպված են եղել լքել Գերմանիայում ՆԱՏՕ–ի բազաներում իրենց պաշտոնները։

Նրանցից մեկի խոսքով՝ իրենք հեղաշրջման փորձ կազմակերպած խռովարարների նկատմամբ համակրանք չեն տածում։ «Այդ զտումների տակ հայտնված զինվորները մեկ ընդհանուր բան ունեն։ Մենք հաջողակ ենք եւ արեւմտամետ, պաշտպանում ենք աշխարհիկ պետությունը»,– ասել է նա։

Բունդեսթագի ՔԴՄ–ՔՍՄ միության պատգամավոր Շտեֆան Մայերն ասել է, որ այդ զինվորներին հայրենիք վերադարձնելն անվտանգ չէ։

«Ոչ մի կասկած չկա, որ մենք չենք կարող Թուրքիա վերադարձնել այդ զինվորներին։ Այնտեղ նրանք բանտում կհայտնվեն»,– ասել է Մայերը։