Նյու Յորքում դաշնային շրջանային դատարանը ժամանակավոր արգելել է ԱՄՆ օդանավակայաններից ամերիկյան գործող վիզաներով միգրանտների արտաքսումը՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի հրամանին, հայտնում է BBC–ն։
Այսպիսով դատավոր Էնն Դոնելին բավարարել է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության հայցը։ Միության տվյալներով որոշումը կտարածվի մինչեւ 200 մարդու վրա, որոնք ԱՄՆ օդանավակայանների տարանցիկ գոտիներում են գտնվում։
Ըստ ուրբաթ ընդունված հրամանագրի՝ ԱՄՆ-ն դադարեցրել է սիրիացի փախստականների ընդունումը ու 120 օրով սառեցրել այլ երկրներից փախստականների ընդունումը, որպեսզի կանխի արմատական մուսուլման ահաբեկիչների մուտքը երկիր։
Ըստ Թրամփի հրամանագրի՝ Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի,Սիրիայի, Սոմալիի ու Սուդանի քաղաքացիները պետք է հրաժարվեն ԱՄերիկա մեկելուց, եթե չունեն ԱՄՆ-ում կեցության թույլտվություն կամ դիվանագիտական վիզա։
Ներգաղթի հարցերով ամերիկյան ազգային իրավական կենտրոնն ու ԱՄերիկա-իսլամական հարաբերությունների հարցերով խորհուրդը հայտնել են , որ մտադիր են դատի տալ նախագահ Թրամփին ու ԱՄՆ ներքին անվտանգության նախարարին։
Թրամփի հրամանը նաեւ առաջացրել է ՄԱԿ քննադատությունը, բացասաբար են արձագանքել նաեւ իրավապաշտպան ու հասարակական կազմակերպությունները ՝ թե ԱՄՆ-ում, թե երկրից դուրս։ Իսկ հանրահայտ երգչուհի Ռիհաննան Թրամփին անվանել է «անբարոյական խոզ»։
Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում շաբաթ 11 ժամանած փախստականների ձերբակալությունից հետո օդանավակայանում սկսվել էին զանգվածային բողոքի ակցիաներ։
Ականատեսների խոսքով դատավոր Դոնելիի որոշման հրապարակման ժամանակ ցուցարարները բարձրաձայն ծափահարել են, երբ լսել են, որ մուտքի թույլտվությունը «գործում է ամբողջ երկրի տարածքում»։




























