«Չթույլատրել Դոնալդ Թրամփի պետական այցը Միացյալ Թագավորություն» կոչվող հանրագիրը, որը հրապարակվել է բրիտանական խորհրդարանի կայքում, արդեն 1 միլիոն ստորագրություն է հավաքել, հայտնում է Ռոսիյսկայա գազետան։

Հունվարի 29-ին ոմն Գրեմ Գեստի կողմից տեղադրված հանրագիրը առաջին մի քանի ժամերին 100 հազար ստորագրություն է հավաքել, այնքան որքան անհրաժեշտ է դրա պաշտոնական քննարկման համար։

ՏԵքստում ասվում է «Դոնալդ Թրամփին պետք է թույլատրել Միացյալ Թագավորություն մտնել որպես ԱՄՆ նախագահ, սակայն նրան պետք չէ հրավիրել պաշտոնական այցով, քանի որ դա կարող է անհարմար դրության մեջ դնել Նորին մեծություն Եղիսաբեթ թագուհուն»։ Հանրագրի հեղինակների կարծիքով Թրամփին պետք է «զրկել թագուհու կողմից ընդունելության արժանանալու իրավունքից» նրա «կնատյացական ու գռեհիկ արտահայտությունների համար»։

Ավելի վաղ վարչապետ Թերեզա Մեյն իր հերթին հայտնել էր , որ մտադիր չէ հրաժարվել Թրամփին պաշտոնական այցով հրավիրելու իր առաջարկից, քանի որ դա երկրի ազգային շահերից է բխում։ Իսկ Մեյի կողմնակիցների կարծիքով այցի չեղարկումը պոպուլիստական քայլ կլինի ու կզրոյացնի այն ամենն, ինչին հասել է վարչապետը ԱՄՆ կատարած իր վերջին այցի ժամանակ։