Flash-ը մահանում է։ Նման տագնապահարույց հայտարարությամբ մի անգամ ինձ դիմավորեց իմ ծանոթ ծրագրավորողներից մեկը։ Ծայրաստիճան տարօրինակ, բայց ինտրիգային էր հնչում։ Մի քիչ փորփրելով, ես որոշեցի պարզել, թե ինչն է դարձել այդքան տխուր ավարտի պատճառը ու արդյոք արժե այդ մասին ափսոսալ։

Flash տեխնոլոգիան, որը հայտնվել է 90-ականների վերջին, երբ ինտերնետը դեռ նոր ձեւավորվող սաղմ էր հիշեցնում, իսկ կայքի ամենաուշագրավ մասը ցածր թողունակությամբ գիֆերն էին, իսկական հեղափոխություն էր իրականացրել։ Դրա շնորհիվ կայքերը, որոնք չգիտեին գրաֆիկա, անիմացիա, վիդեո ու ձայնային էֆեկտներ, ոչ միայն սկսեցին «կենդանանալ», այլ ամենակարեւորը նույն ձեւով աշխատել բոլոր համակարգիչների վրա ՝ անկախ բրաուզերից ու օպերացիոն համակարգից։ Flash -ը ըկալվում էր ոչ որպես հասարակ գործիք կամ տեխնոլոգիա, այն ստեղծել էր մի ամբողջ ժանր, սեփական գեղարվեստական ոճ, դուրս գալով համացանցի սահմաններից։ Դրա օգնությամբ հայտնվել էին զավեշտալի ֆլեշ մուլտեր, ստեղծվել էին տեսախաղեր, հավաքվում էին տեսահոլովակներ։ Հենց թեկուզ օրինակ բերենք «Մասյանա»-ն ՝ sfw ձեւաչափով, որը հնարավոր էր գործարկել նույնիսկ Symbian–ով աշխատող սմաթֆոններով։ Ճիշտ է, այդ ֆայլերը դիտելիս մարտկոցները կարող էին վայրկենապես պարպվել։

Եվ այսպես ինչո՞ւ է այդ տեխնոլոգիան հիմա հայտնվել անհետացման շեմին։ Ո՞վ է այրել լուցկին ու այն նետել բենզինով բակի մեջ, գործի դնելով պայթյունների շղթայական ռեակցիա։ Փաստերը մատնանշում են Apple ընկերությունը, որին բացահայտ զայրացնում էր, որ Flash–ի աջակցությամբ ու զարգացումով, ի տարբերություն այլ վեբ տեխնոլոգիաների, զբաղվում էր միայն Shockware–ը (հետագայում Adobe)։ Դժգոհությունն այնքան մեծ էր, որ Flash –ի աջակցությունը հանել են 2007-ին թողարկված iPhone–ի ֆունկցիոնալից։ Իր բաց նամակում Սթիվ Ջոբսը Flash–ն անվանել էր ոչ անվտանգ ու ռեսուրսների հանդեպ ավելորդ պահանջկոտ տեխնոլոգիա, կոչ անելով մշակողներին հետեւել բաց ստանդարտներին, մասնավորապես HTML արձանագրությանը։ Ասվեց ու արվեց։ Նրա կարծիքի հետ, ինչ էլ ասենք, հաշվի էին նստում։

Նորահայտ HTML5 –ն կոչված էր փոխարինել Flash-ի որոշ ֆունկցիոնալ հնարավորություններն ու դառնալ նոր ստանդարտ։ Այն աջակցում է վեկտորային գրաֆիկան, բայց այն կարելի էր աշխուժացնել միայն JavaScript եւ CSS-ի օգնությամբ։ Ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է թաքնված, այդ մասին Ջոբսը լռել էր։ Դե լավ, գուցեեւ Flash-ի բախտը կբերեր, եթե չլիներ առաջընթացի նոր ալիքը շարժական ինտերնետի տեսքով։ Ծանր գունեղ կայքերը զիջում էին տեղը մինիմալիզմին։ HTML5 -ն դարձավ իդեալական լուծում կայքեր ստեղծելու համար, որոնք հավասարաչափ լավ ու արագ էին աշխատում թե դեսքթոփի վրա թե շարժական սարքերի։ Նույնիսկ Adobe ընկերությունը հասկացավ դա։ 2011-ին այն գործարկեց Edge Animate ծրագիրը՝ HTML5-ի հիման վրա կայքեր ստեղծելու համար։ Պատկերավորության համար տես Flash եւ Java Script-ի գործածման գրաֆիկը։

Flash-ը դեռ երկար ժամանակ շարունակում էր օգտագործվել նաեւ խաղային կայքերում, սոցցանցերում ու նույնիսկ YouTube–ում։ Ինչ արժե հենց միայն Facebook–ի լսարանը։ Սակայն դա ժամանակի հարց էր։ Արդեն 2015-ին ու 2016-ին առաջատար բրաուզերների մշակողները, այդ թվում Chrome, Firefox, Opera եւ Microsoft Edge–ը, սկսեցին հրաժարվել այդ տեխնոլոգիայից։ Flash կոնտենտը հիմա դեֆոլտով արգելափակվում է ու գործարկվում միայն օգտատիրոջ թույլատվությամբ։ 20 տարվա «մենաշնորհը» չէր կարող չթողնել մատնահետք, շատերը դեռ պատրաստ չեն հրաժարվել Flash–ից։ Բայց եթե մուլտֆիլմերը ու անիմացիան կարող են փոխակերպվել վիդեոյի ու վեկտորային գրաֆիկայի, իսկ հետո տեղափոխվեն Adobe իլյուստրատորի նման ծրագրեր, տեսախաղերի հարցում դա ավելի դժվար է։ Դրանք ստիպված պետք է լինեն պահել կատարվող ֆայլերի տեսքով, որոնք կգործարկվեն Windows եւ OSX-ով։ Ամենավատ դրության մեջ կհայտնվեն ամբողջովին Flash–ով ստեղծված կայքերի մշակողները։ Նրանց պետք չէ դիտարկել որպես դիսկրետային արտեֆակտեր․ երբ դրանք թարմացվում են, նախորդ նախագծերը մեծամասամբ արդեն արտագրված են լինում։

Ամբողջ հույսը մի շարք ակտիվիստների վրա է, որոնք կանեն ամեն ինչ, որպեսզի պահպանեն այդ տեխնոլոգիայի ժառանգությունը։ Նրանց թեթեւ ձեռքով հայտնվել է oldweb.today կայքը, որը համացանցից գտնում ու պահպանում է Flash կոնտենտը։ Այսպիսով, այցելուները հնարաովորություն են ստանում դիտել հին ձեւաչափերով կոնտենտը ժամանակակից բրաուզերներով։ Նույնատեսակ նախագիծ է Webrecorder հարթակը։ Մշակողներին անհանգստացնում է միայն մեկ բան, տեղեկությունների անընդհատ ավելացող ծավալը, չէ՞ որ արխիվային կայքերը ռեզինե չեն, ռեսուրսները կարող են եւ չբավականացնել։

Flash -ի վախճանը նշանակում է ինտերնետի մի ամբողջ դարաշրջանի ավարտ։ Բայց իմ կարծիքով այդ գործընթացը միանգամայն օրինաչափ է, ժամանակն անցնում է, առաջնահերթությունները փոխվում են, իսկ դրանց հետ միասին՝ նաեւ խնդիրների լուծման մոտեցումները։ Բայց եթե առաջ անտիկվարիատն ուղարկվում էր թանգարան, ապա թվային տեղեկությունները հիմա պահվում են կայքերում։ Ու դեռ հայտնի չէ, թե որն ավելի հեշտ կլինի փոխանցել սերունդներին։

Ազազել Սարկիզովա