Թերթի տեղեկություններով՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ իշխանությունները փորձում են բարձրացնել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի վարկանիշը։ Նախօրեին Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում շատ խիստ քննադատեց առողջապահության, արթության եւ գիտության, գյուղատնտեսության եւ ֆինանսների նախարարություններին թերացումների եւ կոռուպցիոն երեւույթների համար։ Սարգսյանը համապատասխան նախարարներին կարգադրեց շտկել թերացումները՝ ընդհուպ մինչեւ որոշ պաշտոնյաներին ազատ արձակելու պայմանով։ Որ այդ ոլորտներում կոռուպցիան ու չարաշահումները զանգվածային են, հայտնի է վաղուց ու բոլորին, այդ թվում՝ Տիգրան Սարգսյանին։

Պարզապես հետաքրքիր է, թե ինչո՞ւ հանկարծ որոշեց նման ձեւով քննադատել սեփական կաբինետի անդամներին, որոնց ղեկավարում է ինքը՝ ավելի քան 2 տարի։ Բանն այն է, որ  թիվ 1 սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը պարբերաբար սոցհարցումներ է անցկացնում իշխանությունների համար եւ պարզել է, որ նման ելույթներից հետո Տ. Սարգսյանի վարկանիշը բարձրանում է։ Այնպես որ, առաջիկայում պարբերաբար ականատես կլինենք նման դրսեւորումների։ Չէ՞ որ ՀՀԿ վերնախավում քննարկում են 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ ցուցակը գլխավորողի հարցը։ Տ.Սարգսյանը 1-ին հորիզոնականի հիմնական հավակնորդներից է։