Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը երեկ հանդիպել է շուրջ 30 միջազգային իրավապաշտպան կազմակերպության հետ:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումը հատուկ կազմակերպվել էր եւ մասնակիցներն ի սկզբանե հրավիրվել էին Մարդու իրավունքների պաշտպանի  հետ հանդիպելու ու քննարկում ունենալու համար: Այսպիսի ֆորմատով հանդիպումն ուներ աննախադեպ բնույթ: Այն կազմակերպվել էր Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության աջակցությամբ:

Դրանց թվում են Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը, Խոշտանգումների զոհերի ռեաբիլիտացիայի միջազգային կազմակերպությունը, Բաց հասարակության եվրոպական քաղաքականության ինստիտուտը եւ այլն: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Եվրամիության ներկայացուցիչներ:

Քննարկմանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի կարգավորումները: Հատուկ ընգծվել է, որ նոր օրենքը նաեւ նպատակ ունի բարձրացնելու Հայաստանում օմբուդսմենի հաստատության ինստիտուցիոնալ դերը երկրի իրավական համակարգում:

Դրանից բացի, քննարկվել է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Հայաստանում ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքն այդ ոլորտում: Արման Թաթոյանի կողմից կարեւորվել է աշխատանքը հասարակական կազմակերպությունների եւ լրագրողների հետ: Մասնավորապես, քննարկվել է ՀԿ-ների հետ աշխատանքի նոր սկզբունքները, որ դրված են օրենքում:

Մանրամասն քննարկվել են նաեւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությանն ու դեպի Արցախ այցերին վերաբերող հարցեր: Թաթոյանը մանրամասն ներկայացրել է Արցախի օմբուդսմենի զեկույցները, դրանցում տեղ գտած՝ դաժանությունների վերաբերյալ փաստերը: Մասնավորապես, մասնակիցների մեկը հարցրել է Ա.Թաթոյանի կարծիքը այսպես կոչված Բաքվի պլատֆորմի մասին: Դրան, Արման Թաթոյանի կողմից պատասխան է տրվել, որ այն իրական չէ եւ չի կարող ընդունելի լինել, երբ ապրիլյան պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց, որ դաժան սպանությունները կապված էին միայն այն փաստի հետ, որ մարդիկ հայ են: Ադրբեջանում այնքան մեծ է ատելության մակարդակը հայերի նկատմամբ, որ չի կարող լինել իրական պլատֆորմ հենց այն էլ Բաքվում: Այսպիսի դիրքորոշումը հիմնավորվել է կոնկրետ օրինակներով Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից:

Մյուս հարցին ի պատասխան Արման Թաթոյանն ընդգծել է նաեւ, որ պատրաստ է Հայաստանի վերաբերող հարցերի հետ կապված հանդիպել, բայց սկզբունքային դիրքորոշում է այն, որ Արցախին առնչվող հարցերով պետք է բացառապես մասնակցի քննարկումների Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, քանի որ մարդու իրավունքների հետ կապված հարցերը որեւէ կապ չունեն քաղաքականության հետ: Դրանից բացի, Ա.Թաթոյանը կարեւորել է լրագրողների աշխատանքն Արցախում եւ նշել, որ հիմա էլ ավելի պետք է ակտիվացնել աշխատանքը որպեսզի ակտիվանան այցերը Արցախ: Եվս մեկ անգամ կարեւորվել այն սկզբունքը, որ մարդու իրավունքները սահմաններ չեն ճանաչում եւ արցախի քաղաքացիական հասարակության ու ժողովրդավարական ինստիտուտները պետք է ներգրավված լինեն բոլոր միջազգային հանդիպումներում:

Մասնակիցները բարձր են գնահատել քննարկումը Մարդու իրավունքների պաշտպանի հետ, նրա ակտիվ աշխատանքը թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային մակարդակի հանդիպումներին եւ պատրաստակամություն հայտնել համագործակցել առանձին ուղղություններով եւ շարունակել նմանատիպ քննարկումները: