Հրապարակված երեք սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ հանրապետականների կողմից առաջադրված Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ընտրությունների առաջին փուլում առաջին տեղը զիջում է անկախ թեկնածու Էմանյուել Մաքրոնին: Երկրորդ փուլում «Առա՛ջ» շարժման առաջնորդը ջախջախիչ հաշվով առաջ է անցնում Մարին Լե Պենից: Այս մասին հայտնում է RFI ռադիոկայանը: 

Opinionway ինստիտուտի հարցման համաձայն՝ «Ազգային ճակատի» թեկնածու Մարին Լե Պենը առաջին փուլում առաջատարն է՝ ստանալով ձայների 25 տոկոսը, նրան հաջորդում է անկախ թեկնածու եւ «Առա՛ջ» շարժման առաջնորդ Էմանյուել Մաքրոնը, որի համար առաջին փուլում պատրաստ է քվեարկել ֆրանսիացիների 22 տոկոսը: Հանրապետականների թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը 20 տոկոս ձայներով երրորդ տեղում է:

Ըստ որում՝ ով էլ անցնի 2-րդ փուլ՝ Ֆիյոնը կամ Մաքրոնը, նախագահ դառնալու նրանց հավանականությունն ավելի մեծ է, քան Մարի Լե Պենինը: Լե Պեն-Մաքրոն մենամարտի դեպքում կհաղթի Մաքրոնը՝ ստանալով ձայների 66 տոկոսը, եթե Լե Պենի հետ մրցի Ֆիյոնը, ապա նա եւս կհաղթի՝ ստանալով 62 տոկոս ձայներ: