Տալի հուշամրցաշարում Լեւոն Արոնյանն իր կարիերայում առաջին հաղթանակը տարավ Վլադիմիր Կրամնիկի նկատմամբ: Արոնյանը Chess-news-ի համար մեկնաբանել է առաջին պարտիան, նաեւ Մագնուս Կարլսենի որոշումը` չմասնակցել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին:
Խոսելով պարտիայի մասին` Արոնյանը նշել է, որ այն սկզբում անհաջող է դասավորվել իր համար, քանի որ Կրամնիկն անսպասելի սկզբնախաղով ամենասուր տարբերակն է առաջադրել, սակայն պարզվել է, որ ռուսաստանցին մինչեւ վերջ չի իմացել հաղթական զարգացումը: Երկու տեմպ կորցնելուց հետո Կրամնիկն այնքան հուզված է եղել, որ նույնիսկ ոչ ոքի դիրքն է տանուլ տվել: Արոնյանի եզրակացությունը մեկն է. Կրամնիկը տեսականորեն պատրաստ էր, սական առաջին տուրի խաղում նրա մոտ ամեն ինչ լավ չի ստացվել:
Արոնյանն իր կարծիքն է հայտնել նաեւ Մագնուս Կարլսենի որոշման մասին` չմասնակցել աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին: Հայ գրոսմայստերը, որն այդ մրցաշարի մասնակիցներից մեկն է, նշել է, որ վատ է, որ մի քանի անգամ փոխվեց խաղարկության համակարգը եւ դա տհաճ է, սակայն հավակնորդների մրցաշարը վերադարձ է ճիշտ համակարգի: Արոնյանը դրական է արտահայտվել Գրան-պրի շարքի մասին` շեշտելով, որ ավելի լավ կլիներ, եթե դրա մասնակիցների կազմը պայմանավորված լիներ շախմատիստների վարկանիշի հետ: Արնոյանի կարծիքով, Մագնուսի դժգոհությունը կապված է աշխարհի չեմպիոնի մեծ արտոնությունների եւ հինգ տարի ձգվող շրջափուլի հետ: Սակայն Արոնյանը որոշակի հեգնանքով նշել է, որ համակարգից դուրս գալով դժվար թե հաջողվի արագացնել շրջափուլը:




























