Չինաստանի Սիչուան գավառում հայտնաբերվել է խոշոր հնագույն դամբարան, որի տարիքը ավելի քան 2,2 հազար տարի է կազմում: Այս մասին հայտնում է «Սինհուան»:
Դամբարանը հայտնաբերվել է Ֆեկհու գյուղում իրականացվող պեղումների վայրում: Դամբարանի մակերեսը 10 հազար քառակուսի մետր է, այնտեղ 60 շիրիմ կա, որոնք 4 շարքով են տեղադրված: Դրանցում հայտնաբերվել են նավակի ձեւ ունեցող դագաղներ, որոնց երկարությունը 4-ից մինչեւ 7 մետր է: Դագաղները պատրաստված են հազվադեպ նանմու ծառատեսակի փայտով:
Հնագետների տվյալներով՝ դամբարանը վերագրվում է Մարտնչող թագավորությունների դարաշրջանին (մ.թ.ա. 475-221 թվականներ) եւ Ցին արքայատանը (մ.թ.ա. 221-206 թվականներ):
Պեղումների ժամանակ հայտնաբերվել են նաեւ հուղարկավորման 300 իրեր՝ պատրաստված կավից, երկաթից, բրոնզից, հնդկեղեգնից: Գերեզմաններից մեկում բամբուկե զամբյուղ է հայտնաբերվել՝ լավ պահպանված ցորենով եւ հուլունքի թելերով:
Հնագետները կարծում են, որ գերեզմանների տերերն ամենայն հավանականությամբ տեղի աղի հանքերի պաշտոնյաներ են եղել:




























